Պայքարի ճանապարհների տարբերությունը ժամանակը ցույց կտա. Վանեցյան
«Ի սկզբանե Դիմադրության շարժումը «Հայաստան» դաշինքի, խմբակցության կողմից հայտարարված շարժում էր»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատգամավորական մանդատից հրաժարվելը նշանակում է, որ նաև Դիմադրության շարժման հետ չէ։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը տարածել է հայտարարություն պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ։
Ա. Վանեցյանն ասաց, որ ապրիլի 17-ին, երբ դուրս էր եկել Ազատության հրապարակ իր իրազեկման անժամկետ ակցիայով, այդ ժամանակ հայտարարել էր՝ սկսում են ապակենտրոն ցանցային պայքար։
«Ապրիլի 17-ից հետո մենք տեսանք, թե ինչքան մարդիկ, քաղաքական ուժեր եկան, իրենք էլ սկսեցին իրենց ակցիաներն իրականացնել։ Այդ ժամանակ իր գործունեությամբ ակտիվ փուլ մտավ Դիմադրության շարժումը, որն ի վերջո մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում միավորեց գրեթե բոլոր այն ուժերին, որոնք դուրս էին եկել պայքարի, նաև ինձ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Դիմադրության շարժման հետ կապած Արթուր Վանեցյանն ասաց. «Մենք անցել ենք ճանապարհ, շատ բարձր եմ գնահատում մեր անցած ճանապարհը, առհասարակ բարձր եմ գնահատում մարդկային հարաբերություններն ու Դիմադրության շարժման մեջ ընդգրկված մարդիկ իմ գործընկերներն են, իմ ընկերներն են, պայքարում են նույն նպատակի համար։
Այս փուլում, ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի շարունակել մեր պայքարը նույն նպատակի համար տարբեր ուղղություններով։ Դիմադրություն շարժումը հայտարարել է այսպես կոչված երկրորդ փուլի մասին, ես ասում եմ՝ այո, ես նույն նպատակին հասնելու համար գնալու եմ այլ ճանապարհով։ Ես չեմ կարող չլինել մի տեղ, որտեղ այն նպատակի համար են պայքարում, որի համար ես եմ պայքարում»։
Դիտարկմանը՝ ինչ-որ ասում եք անելու եք, իրենք էլ են ասում՝ հանրահավաքներ, գնալու են գյուղեր, քաղաքներ, այլը ո՞րն է, ինչո՞ւ եք էլ առանձնանում, Ա. Վանեցյանն ասաց. «Առանձնանում եմ, որովհետև ես հանդիսանում եմ քաղաքական ուժի ղեկավար և այդ քաղաքական ուժը որոշել է իր օրակարգով առաջնորդվել։
Քաղաքական ուժերն առհասարակ կամ որոշում են և ժամանակավոր միավորվում են, կամ առանձնանում են տարբեր օրակարգերով։ Ինչո՞ւ։ Որովհետև ես ունեմ իմ օրակարգը, գնում եմ իմ օրակարգով։ Օրակարգերը համընկնում են, ճանապարհները և ուղիները, որով պետք է հասնենք մեր վերջնական նպատակին, այս փուլում որոշակի տարբերություն կա։
Տարբերությունը ժամանակը ցույց կտա։ Եկեք ես հիմա փակագծեր չփորձեմ բացել։ Իմ հետագա գործունեությունը, մնացած գործողությունները կտեսնեք»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան