Ի՞նչ է հետևելու Վանեցյանի հրաժարականին
ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններից մեկի՝ «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր հայտարարեց մանդատից հրաժարվելու որոշման մասին։
Ի՞նչ է հետևելու դիմումին, ո՞վ կփոխարինի նրան խորհրդարանում։
Սահմանադրության համաձայն, պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է.
«Հոդված 155. Պատգամավորի հրաժարական տալու կարգը
1.Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։
2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։
Ալեն Սիմոնյանն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին։
Ընտրական օրենսգրքի համաձայն, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:
ԿԸՀ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ հանձնաժողովն Արթուր Վանեցյանի մանդատից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն դեռ չի ստացել։
«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ցուցակի 8-րդ համարը Մարտուն Գրիգորյանն է։
Պարզելու համար վերցնելո՞ւ է նա մանդատը, Panorama.am-ը զանգահարեց Գրիգորյանին, սակայն զանգերն անպատասխան մնացին։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին
- Աշոտյան. Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի և «Հայրենիք» կուսակցության որոշմանը
- Արթուր Վանեցյան. Դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան