Վանեցյան. Ես գնամ, պառլամենտում ի՞նչ անեմ
«Եղել է քննարկում, և «Հայրենիք» կուսակցության քաղխորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Հանրապետական կուսակցության հետ գոյություն ունեցող դաշինքը։ «Հայրենիք» կուսակցությունն իր գործունեությունը շարունակելու է խորհրդարանից դուրս»,-հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն այօր հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին։
Խմբակցության ղեկավարը մանրամասնեց, «Պատիվ ունեմ» անվանունը պահպանվելու է, այնտեղ ներկայացված չեն լինելու «Հայրենիք» կուսակցության անդամները։
«Ես անկուսակցական պատգամավորներին ասել եմ, որ ազատ են իրենց որոշումներում, կաշկանդված չեն։ Իրենք են որոշելու՝ մնա՞լ, թե՞ չմնալ խորհրդարանում»,-ասաց Վանեցյանը։
Նա կրկնեց՝ այս խորհրդարանը դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։
«Այն դադարել է լինել այն գործիքը, որը իմ կարծիքով, մեզ հնարավորություն կտա հասնել մեր հիմնական նպատակին։ Մեր հիմնական նպատակը չի փոխվել, այն է՝ ունենալ անվտանգ Հայաստան, Արցախ և մեր մեծ հայրենիքում ապրել արժանապատիվ։ Այդ նպատակին հասնելու համար նախ պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, այս իշխանությունների հեռացմանը, որից հետո սկսենք կառուցել մեր ուզած երկիրը։ Ես համարում եմ, որ այս փուլում պատգամավորական մանդատն արդյունավետ գործիք չէ մեր հիմնական նպատակին հասնելու համար»,-ասաց նա։
Վանեցյանն ասաց՝ շարունակելու է պայքարը, մինչև հասնեն հիմնական նպատակին։
«Հիմա մենք պետք է սկսենք լայն երկխոսություն ժողովրդի հետ, պետք է խոսենք նրա հետ։ Սկսել եմ խոսել, և դա ինձ բերել է այն եզրահանգման, որ ես պետք է շարունակեմ խոսել ժողովրդի հետ ոչ միայն Ազատության հրապարակում, այլև Երևանի տարբեր թաղամասերում, մարզերում, գյուղերում։ Մարդիկ լսելու և լսվելու կարիք ունեն, մարդկանց հետ պետք է լինել ազնիվ ու թափանցիկ»,-նշեց նա։
Վանեցյանի խոսքով, ընտրողներին իրենց մանդատ են տվել այս իշխանություններին վռնդելու համար, ոչ թե օրինակ «Սնդիկի մասին» օրենքը քննարկելու։
«Մենք խորհրդարանում ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունների համար նրանց անվտանգության ծառայության՝ զինվորական համազգեստով աշխատակիցներն ուղղակի ամբիոնից վերցնում ու դուրս են շպրտում, մենք ականատես ենք եղել, թե ինչպես են իշխող խմբակցության պատգամավորները լկտի պահվածք ցուցաբերում մնացածի նկատմամբ, ականատես ենք եղել, որ նրանք որևէ կառուցողական աշխատանք չեն կարողանում տանել։ Ես գնամ, պառլամենում ի՞նչ անեմ»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է հետևելու Վանեցյանի հրաժարականին
- ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին
- Աշոտյան. Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի և «Հայրենիք» կուսակցության որոշմանը
- Արթուր Վանեցյան. Դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան