Հետպատերազմյան անհետ կորածը. Վահե Մանուկյան
Արդեն յոթ ամիս է՝ պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի գտնվելու վայրի, ողջ լինել չլինելու մասին ոչ ընտանիքը, ոչ հարազատները, ոչ ընկերները, ոչ պետական մարմինները ոչինչ չգիտեն։ Անցած տարվա նոյեմբերի 12-ին հերթապահություն իրականացնելիս 33-ամյա Վահեն անհետացել է։ Կինը՝ Լիաննա Մելիքսեթյանը երկու վարկած է առաջ քաշում՝ ամուսինը կամ սպանվել է, կամ գերի ընկել։
Քննչական կոմիտեում զինծառայողի անհետացման փաստով քրգործ հարուցվել է նախ դասալքության հատկանիշներով, ապա Մանուկյանին անհետ կորած էին ճանաչել, իսկ նրա կնոջը՝ Լիաննա Մելիքսեթայանին՝ տուժող։
«Որոնողական աշխատանքների արդյունքում նրա դիակը չի հայտնաբերվել, ինչի հետևանքով Վ. Մանուկյանն անհետ կորած է ճանաչվել»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ նշելով, որ գործով նոր քննչական գործողություններ չեն իրականացվել, նախաքննությունը շարունակվում է։
Սրա արդյունքում փոքր ինչ թեթևացել է կնոջ ուսերին մնացած երեք անչափահաս երեխաներին խնամելու հոգսը։ Անհետ կորածի ընտանիքը սոցաջակցություն է ստանում, մի կերպ ծերը ծերին հասցնում։
«Միակ նորությունը դա է, այլ բան չկա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Լիաննան։
Առողջական խնդիրների ու երեխաների խնամքի պատճառով նա չի աշխաում։ Լիաննան երեք անչափահաս երեխաների՝ 4, 6, 8 տարեկան որդիների հետ վարձով ապրում է Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում։ 33-ամյա ամուսինն ընտանիքի միակ աշխատողն էր։ Զինծառայության մասին եռամյա պայմանագրի ժամկետը շուտով լրանալու էր, վերջին հերթափոխն էր։ Մտադիր էր Նախիջևանի դիրքերից իջնելուց հետո ևս մեկ անգամ պայմանագիր կնքել։
«Նոյեմբերի 12-ին ժամը 6-ին բարձրացել է պոստեր։ Ինքը գնացել է վերևի դիրքից ծանրոցը վերցնելու։ Վերցրել է, հետ գալու ճանապարհի մեջտեղի հատվածից անհետացել է։ Ճանապարհից մի քանի հարյուր մետր այն կողմ ադրբեջանական տարածք է։ Իմ վարկածն անփոփոխ է, կամ սպանված է, կամ գերի է»,-ասում է կինը։
Վերջին զրույցն ամուսնու հետ եղել է հենց վերևի դիրքից վերադարձի ճանապարհին, Վահեն է զանգել, ցանկացել է խոսել ավագ որդու հետ։
«Երեխեն դրսում խաղում էր, ասեցի, գնամ կանչեմ, զանգեմ։ Րոպեներ անց զանգեցինք, արդեն անհասանելի էր։ Մտքովս վատ բան չանցավ, մտածեցի՝ քնել է, արթնանա, կզանգի։ Արդեն երեկոյան՝ ժամը 8-ի մոտերը ռազմական ոստիկանությունից եկան մեր տուն, ասեցին՝ Վահեն չկա»,-պատմում է Լիաննան։
Քննչական կոմիտեից կնոջն ասել են՝ ձնհալից հետո որոնողական աշխատանքներ են իրականացրել, գործի են դրվել նաև դրոններ, Վահեի մարմինը չեն գտել։ Կարմիր խաչի կոմիտեից էլ օրեր առաջ նրան հայտնել են, որ ադրբեջանական կողմին երկու անգամ հարցում են ուղարկել՝ իմանալու արդյոք Վահե Մանուկյանը հայտնվե՞լ է գերության մեջ, սակայն պատասխան չի եղել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Զառա Ամատունին Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ հրապարակային ոչինչ ասել չի կարող։
«Անհետ կորած կամ գերեվարված անձանց վերաբերյալ հարցումների ի պատասխան հաստատումներ ստանալուն պես կապ ենք հաստատում ընտանիքի անդամների հետ, բայց հանրային հարթակում որևէ մեկնաբանություն չունենք։ Ընտանիքի ու պատկան մարմինների հետ ենք կապի մեջ»,-նշեց նա։
Զինծառայողի անհետ կորելու վերաբերյալ պաշտպանության նախարարությունը որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը 2022-ի հունվարին ԱԺ-ում հայտարարել էր՝ պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որ նման դեպքերը չհանրայնացվեն։
Հունիսի 8-ին Ֆրանսիայի հրապարակում քննարկումների ժամանակ Տ. Աբրահամյանն ասել էր, որ մեկ տարվա ընթացքում ունենք անհետ կորած երկու զինծառայող։
«Նրանք բարձրացել են մարտական հերթապահություն իրականացնելու և մինչև հիմա չկան։ Մեկը ժամկետային զինծառայող է, Վարդենիսի ուղղությամբ, արդեն մեկ տարուց ավելի է՝ չկա, երկրորդը պայմանագրային զինծառայող է, Վայքի զորամասից, արդեն վեց ամսից ավելի է՝ չկան։ Մարդիկ գնում են զինված ուժեր, մարտական հերթապահություն իրականացնելու, կորում են, դրա հետևանքով նրանց ընտանիքները ստանում են սոցիալական սուր խնդիրներ, մարդկանց մեղադրում են դասալքության համար, բայց բուն խնդիրը՝ զինծառայողին գտնելը, թե ուր է, ինչ հանգամանքներում է անհետացել, չկա»,-մանրամասնեց Աբրահամյանը՝ կարևորելով բանակում կարգապահության խնդրի լուծումը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Նոյեմբերին պայմանագրային զինծառայողն անհետ կորել է, ՊՆ-ն թաքցրել է
- Զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալն արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին. Տիգրան Աբրահամյան
- Ու՞ր է զինվորը․ Լուսինե Վիրաբյանը հանցագործության մասին հաղոդում կներկայացնի՝ ամիսներ շարունակ անհետացած զինվորի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան