Ամոթ մեզ՝ քաղաքային իշխանություններիս. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ
«90-ականներին իմ հարցազրույցի առաջին հարցիս՝ ինչպես եք վարպետ, Օհան Դուրյանն ասաց՝ Ֆիզիկապես թեպետ առողջ եմ, բայց թևերս կտրված են: Տեսնելով կտրված թևերով Դուրյանի կիսանդրի էսքիզը՝ ես առաջին հերթին հիշեցի մաեստրոյի այդ բառերը»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:
Ավագանին քննարկեց Օհան Դուրյանի կիսանդրին Ալեքսանդր Սեպնդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում տեղադրելու հարցը:
Աբգարյանը հայտնեց, որ տարիներ առաջ խոստացել էին, որ օպերայի հրապարակն ազատելու են սրճարաններից և կանաչապատելու են, բայց այսօր այն շատ վատ տեսքի է և ինքն անձամբ ամաչում է դրանից:
«Մինչ այժմ մենք չունենք կոնցեպտ, թե ինչպիսին է լինելու հրապարակը, որն ինքնին հուշարձան է, չունենեք պատկերացում, թե ինչը որտեղ պետք է լինի, բարձիթողի, կոմերցիոն ինչ-որ տարածքի վերածված վիճակ է»,-հայտարարեց ավագանու անդամը:
Նրա կարծիքով՝ քանի դեռ հրապարակի տեսքի կոնցեպտը չկա, որևէ միջամտություն չի կարելի անել, իսկ ցանկացած արձան պետք է դիտարկել այն միջավայրում որտեղ տեղադրվում է:
«Այստեղ մեզ պետք է ամոթանք տամ, որովհետև մենք տեղադրեցինք Արտո Չախմախչյանի հոյակապ քանդակը, բայց միջավայրը մինչ օրս չենք ապահովել: Պետք էր «Բանալու» շուրջ միջավայր ստեղծվեր, ցուցանակ տեղադրվեր, որ զբոսաշրջիկներն իմանային Չախմախչյանն է հեղինակը: Չկա ոչ մի բան: Գնացե՛ք Երիտասարդական մետրոյի մոտի արձանները նայեք, խայտառակություն է: Տեսե՞լ եք «Բարեկամության» արձանը՝ ձեռքերը սևացած են, Ֆրիտյոֆ Նանսենի արձանը նայեք, ամոթից գետինը կարելի է մտնել՝ թե՛ արձանը, թե՛ պատվանդանն ի՞նչ վիճակում են: Այսինքն ամոթ մեզ, քաղաքային իշխանություններիս՝ այդ առումով, քանի որ այստեղից հայտարարում ենք, որ մարդկանց մեծարում ենք և հետո տեր չենք կանգնում արդեն իսկ տեղադրված արձաններին»,-ասաց Իզաբելլա Աբգարյանը և հայտարարեց, որ նախագծին ձեռնպահ է քվեարկելու, քանի որ գտնում է, որ Ազատության հրապարակում այս պահին միջամտություն չի կարելի անել:
Երևանի ավագանին 45 կողմ ձայներով հավանության արժանացրեց Օհան Դուրյանի կիսանդրին Ազատության հրապարակում տեղադրելու նախագծին:
Հարակից հրապարակումներ`
- Փորձառու կադրերի փոխարեն քաղաքապետարանում նշանակվել են, կակոյ նի բուձ, ոչ մասնագետներ. Միքայել Մանրիկյան
- Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը հրաժարվեց մանդատից, ցուցակի հաջորդ անդամն էլ չցանկացավ վերցնել մանդատը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին