«Հրապարակ». Արթուր Վանեցյանը հանդես կգա հայտարարությամբ՝ իր սկսած պայքարը շարունակելու մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների հրաժարականի պահանջով պայքարի ելած ընդդիմադիրները տարիուկես է՝ պարբերաբար պայքարի մարտավարություն են փոխում։ Մե՛կ միասնական են, հետո ապակենտրոն պայքար են հայտարարում, ինչ-որ պահի ԱԺ-ն էր դարձել պայքարի թատերաբեմ։
Փորձում են պայքարել գրված ու չգրված մեթոդներով, բայց Փաշինյանն ու իր թիմն այնքան ամուր են կառչած աթոռներից, որ ցանկացած մարտավարություն ու գործիքակազմ անզոր է նրանց դեմ։ 2 ամիս առաջ՝ ապրիլի 17-ին, ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն առաջինն էր, որ Ազատության հրապարակում նստացույց սկսեց և պայքարի մեկնարկը տվեց։
Մի քանի օր անց հրապարակը դարձավ պայքարի օջախ. մի կողմում Վանեցյանն էր՝ իր թիմով, մյուս կողմում «Սև հովազ» ջոկատն էր՝ Ռուստամ Գասպարյանի եղբոր գլխավորությամբ։ 44-օրյա պատերազմի մասնակից տղաները սկսեցին հացադուլ անել, 5165 շարժումը՝ միտինգներ, զոհվածների ծնողներն ու հարազատներն էին և մեծ թվով տարբեր մարդիկ՝ նախկին պաշտոնյաներ, մտավորականներ։ Ապրիլի 23-ից պայքարին միացավ խորհրդարանական ընդդիմությունը՝ պայքարի համակարգումը ստանձնեց Իշխան Սաղաթելյանը։ Մայիսի 1-ի մեծ հանրահավաքից հետո շարժումը կենտրոնացավ Ֆրանսիայի հրապարակում՝ վրաններ խփեցին։
Մեկուկես ամսվա պայքարից հետո դիմադրության շարժումը բացեց Ֆրանսիայի հրապարակը և այլ մարտավարություն որդեգրեց՝ վերադառնալով ելման դիրքեր։ Մեր տեղեկություններով, Արթուր Վանեցյանը, որը պայքարի վերջին փուլին չէր մասնակցում, այսօր հանդես է գալու հայտարարությամբ՝ իր սկսած պայքարը շարունակելու մասին՝ առանձնանալով դիմադրության շարժումից։ Չի բացառվում, որ նա անդրադառնա նաև մանդատի հարցին և հայտարարի այն վայր դնելու մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում