Հոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյակին
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը նշում է հիմնադրման 85-ամյակը։ Հոբելյանի շրջանակում հունիսի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հոբելյանական համերգ:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը հանդես կգան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Տոնական երեկոյին կհնչեն հայ և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններից, այդ թվում՝ Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ գործերից:
Համերգը կղեկավարեն դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանը և Էդուարդ Թոփչյանը։ Ռեժիսորն է Արթուր Սահակյանը։
Շուրջ 85 տարի գոյություն ունեցող երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին Թաթուլ Ալթունյանի կողմից, որը մինչև 1939 թվականը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն էր: 1961 թ. սեպտեմբերից մինչ օրս երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Հովհաննես Չեքիջյանն է:
Իր հարուստ պատմության ընթացքում երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» (1969 թ.), այնուհետև՝ «Վաստակավոր կոլեկտիվ» կոչումներին (1975 թ.): 2012 թ.-ին երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ:
Իր ստեղծագործական գործունեության ընթացքում երգչախումբը հանդես է եկել Փարիզի, Լոնդոնի, Պրահայի, Նյու Յորքի, Բոստոնի, Դետրոյթի, Լոս Անջելեսի, Մոսկվայի և այլ աշխարհահռչակ համերգասրահներում:
Կանադայում թողարկվել են երգչախմբի «LITURGIE ARMENIENNE», իսկ Մոսկվայում «LITURGY of KOMITAS» ձայնասկավառակները: