Այսօր քանդակագործական մշակույթի յուրահատուկ դեմքերից մեկի՝ Արտաշես Հովսեփյանի ծննդյան օրն է
Այսօր քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 91 տարեկան։
Արտաշես Հովսեփյանի արվեստին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ և դիպուկ լուծումներ, մունումենտալիզմի խոր զգացողություն։
Հովսեփյանը ստեղծագործում էր մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։ Նա մասնակցել է Թամանյանի հուշարձանի համար հայտարարված մրցույթին՝ արժանանալով առաջին ու երկրորդ մրցանակներին։ Հեղինակել է Թամանյանի արձանը, որի բացումը կայացել է 1974 թվականին։
Ա.Հովսեփյանը նաև 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների հեղինակ է, որոնցից առավել հատկանշական են ` «Ալեքսանդր Թամանյան» , «Արմեն Տիգրանյան», «Սիսիանի մուտքի արծիվը, Երևանի Ս. Սարգիս եկեղեցու բարձրաքանդակները, Մայր Աթոռի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, Կոնյակի գործարանի համտեսի սրահի բարձրաքանդակները ,Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի բարձրաքանդակները, Բեկոր Աշոտի (Աշոտ Ղուլյան) (Ստեփանակերտ), Արթուր Մկրտչյանի (Ստեփանակերտ), Վրույր Ազոյանի մահարձանները, Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները, Ջիվանու հուշակոթողը Ջավախքում, ինչպես նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ։ Հաստոցային քանդակներից են «Սևահողը» , «Եղիշե Չարենց» և այլն։ Կատարել է նաև Նյու Յորքի Ս. Վարդան եկեղեցու ճակատի բարձրաքանդակների էսքիզները։
Արտաշես Հովսեփյանը ծնվել է Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում: Նա գեղանկարիչ Զաքար Խաչատրյանի եղբայրն էր։