Լավ արդյունքներ գրանցելու համար հայոց լեզվի ուսուցման արմատական փոփոխություն պետք է անել. Դավիթ Գյուրջինյան
Հունիսի 14-ին 35 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ ԳԹԿ-ն ներկայացրած տվյալներով, հայտագրվել էր 5230 դիմորդ, մասնակցել է 5142-ը (2021-ին՝ 4005)։
Դրական նվազագույն միավորի շեմը՝ 7,5 միավորը, չի հաղթահարել 805 դիմորդ կամ մասնակիցների 15.6 տոկոս (2021-ին՝ 519 կամ 13.0 տոկոս)։ Միջին միավորն է 11.95 (2021-ին՝ 12.26)։
18-20 միավոր են ստացել 504 մարդ կամ 9.8 տոկոս (2021-ին՝ 386 կամ 9.6 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 283, 19-19.75՝ 208, 20՝ 13 դիմորդ։
Վերջին տարիներին բարձրաձայնվում և մտահոգիչ է համարում անբավարար միավորների արձանագրված ցուցանիշները:
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը Panorama.am-ի հետ զրույցում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրանցված արդյունքների հետ կապված ենթադրություն հայտնեց, որ պատճառներից մեկը և գլխավորը հարցաթերթիկն է, և, իհարկե, հայոց լեզվի ուսուցման արմատական փոփոխություն պետք է անել լավ արդյունքներ գրանցելու համար։
«Հարցաթերթիկը, ծրագիրը, դասագիրքը և ուսուցման ընթացքը պետք է իրար հետ առնչվեն։ Այստեղ մեծ խզում կա։ Այդ շտեմարանը, այսինքն հարցաթերթիկը չի բխում դպրոցական ուսուցումից»,- ասաց Դ.Գյուրջինյանը։
Նա այդ խզման մասին տարիների շարունակ խոսում է իբրև լեզվաբան, դասագրքերի հեղինակ, Լեզվի կոմիտեի նախագահ, բայց, ինչպես նշեց, տեսնում են, որ տարեցտարի վիճակն ավելի վատ է լինում. «Պատճառը հենց դա է, որ չեն լսում, ոչինչ չեն շտկում, մոտեցումները չեն փոխվում»։
Լեզվի կոմիտեի նախագահի խոսքով, աշակերտների վերաբերմունքը մայրենի լեզվի նկատմամբ ձևավորվում է դասավանդման ընթացքում՝ դասագրքերից ու դասավանդման ընթացքից, թե ինչպիսին է այն։
«Մենք պետք է այնպես անենք, որ երեխաները սիրեն, գործածեն հայերենը, ամենուրեք հայերեն գրեն։ Ուրեմն մենք թերացել ենք և այստեղ լուրջ խնդիրներ կան, որ տարեցտարի վիճակն ավելի ու ավելի է վատանում։ Խորքային, համալիր վերլուծություն է պետք, որն առաջին հերթին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու իր ենթակա կառույցների գործն է»,- ասաց Դ.Գյուրջինյանը։
Նա համոզված է ու այդ մասին տարիներ շարունակ բարձրաձայնել է՝ շտեմարաններից պետք է հրաժարվել, այն կործանարար է, տարեցտարի դրա ականատեսն են լինում։
Դավիթ Գյուրջինյանն ընդգծեց, որ հայոց լեզուն հետընթաց չի ապրում, իր վիճակը նույնությամբ պահում է, խնդիրն այն է, որ իմացողները լավ չգիտեն հայերեն։
«Հայերենը նույն շքեղ, ճոխ, կուռ, տրամաբանական կառուցվածք ունեցող լեզուն է։ Մենք ուրիշ բան ենք հարցնում, ստանում ենք այդ արդյունքը»,- ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխանները
- Հայոց լեզու և գրականություն առարկայից քննություն կհանձնի 5253 դիմորդ
- Ճակատագրական պահեր ու լրիվ տարբեր մոտեցումներ լեզվին
- Այս պահին նման հարց օրակարգում չկա.Դումանյանը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի