Անտառային հրդեհներ՝ Թուրքիայի Մարմարիս ծովափնյա հանգստավայրում
Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Մարմարիս հանգստավայրային հարակից անտառներում հրդեհ է բռնկվել, գրում է Էրմենիհաբերը։
Հունիսի 21-ի երեկոյան բռնկված հրդեհը քամու պատճառով արագորեն տարածվել է, քանի որ գիշերվա ժամերին հնարավոր չի եղել հրշեջ ինքնաթիռներ ու ուղղաթիռներ օգտագործել: Առավոտյան, սակայն, գործի է դրվել 14 հրշեջ ինքնաթիռ և 20 ուղղաթիռ:
Բացի դրանից հրդեհամարման աշխատանքներում ընդգրկվել է շուրջ 2000 հոգանոց անձնակազմ, 338 հրշեջ մեքենա և 35 տրակտոր, ջրի տանկերներ և այլ տեխնիկաներ: Տարածված հրդեհը հունիսի 22-ի առավոտվա դրությամբ գտնվում է բնակավայրերից 3-4 կմ հեռավորության վրա:
Մարմարիսի քաղաքապետ Մեհմեթ Օքթայը կասկած է հայտնել, որ հրդեհը կարող է սադրանք լինել, քանի որ, ըստ նրա, կրակը տարածվել է միանգամից 3 տարբեր կետերից: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, սակայն, վաղ է համարել նման ենթադրությունները՝ նշելով հետաքննության ավարտին սպասելու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ամռանը նույնպես Թուրքիայում մեծամասշտաբ անտառային հրդեհներ էին բռնկվել, որոնք օրեր շարունակ հնարավոր չէր լինում վերահսկողության տակ առնել ու մարել: Հրդեհների հիմնական օջախները գտնվում էին հենց Թուրքիայի Միջերկրական ու Էգեյան ծովերի ափին տեղակայված հանգստավայրերի ու քաղաքների շուրջը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են