Լավրովը կմեկնի Թեհրան, ապա Բաքու
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ն աշխատանքային այցով կմեկնի Թեհրան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Թեհրանում ռուսաստանցի պաշտոնյան կքննարկի Անդրկովկասում, Ուկրաինայում, Եմենում, Սիրիայում, Աֆղանստանում առկա իրավիճակը։
Այնուհետև՝ հունիսի 23-24-ը Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։
«Նախատեսված են բանակցություններ այդ երկրի ԱԳ նախարարի հետ։ Ակնկալվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։ Քննարկվելու են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով, նախատեսվում է մանրամասն քննարկել տարածաշրջանային ու միջազգային արդի հարցեր։
«Հատուկ ուշադրություն է դարձվելու 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին կնքված եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքին։ Հիշեցնեմ, որ դրանք կոչված են ապահովելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը. Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի դարձնելուն»,-ասել է նա։