Իվետա Տոնոյան. Տրամաբանությունը հուշում է, որ այսօր արտահերթ ընտրությունների անցկացումն անխուսափելի է
«2021-ին խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին այնպիսի պայմաններում, որ չէր կարելի խոսել ծրագրերի պայքարի մասին»,-«Հայկական օրակարգ. Ընտրություններից մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ-ական գործիչ Իվետա Տոնոյանը, որի անդամակցած քաղաքական ուժը վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ չի հայտնվել խորհրդարանում։
Իվետա Տոնոյանն ընդգծեց, որ խորհրդարանական ընտրությունները բացարձակապես չլուծեցին երկրում պատերազում տարած պարտության, համավարակի դեմ պայքարի տապալման, բազմաթիվ զոհերի, մահերի, անհանդուրժողականության գերդոզավորման հետևանքով ստեղծված քաղաքական ճգնաժամը։
Բանախոսի գնահատմամբ, քարոզարշավն ավելի շատ նման էր դեմագոգիայի, պոպուլիզմի, քան բովանդակային քննարկման, ծրագրերի նախանշման, որը Հայաստանը պետք է հաներ այս իրավիճակից ու դներ զարգացման բնականոն հուն։
«Փաստն այն է, որ մեր ազգաբնակչության ընտրելու իրավունք ունեցողների կեսը բացարձակ անտարբեր է երկրի ճակատագրի նկատմամբ։ Իշխանությանը ձայն տալն էլ «Pervect TV»-ների ու ընդգծված քարոզչության հետևանք էր։ Այնուամենայնիվ ընտրությունը կայացել է, ունենք այս իրավիճակը։ Միանշանակ է, որ ձևավորված խորհրդարանը չի արտացոլում հանրային տրամադրությունները։ Մեկ տարվա ընթացքում հանրային տրամադրություններում շեշտակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Ցավով պետք է արձանագրեմ, որ գործող իշխանությունները, ի թիվս այլ սխալների, բացարձակ անհաղորդ է իրենց թիմին չպատկանող բոլոր այն մարդկանց ազդակներին, ովքեր գուժում են երկրին սպառնացող վտանգների մասին»,-ասաց Տոնոյանը։
ԲՀԿ-ական գործչի խոսքով, եթե Հայաստանն ունենար սրտացավ իշխանություն, ապա 2020-ին կլսեր, թե ինչի մասին են ահազանգում երկրի վիճակով ու ապագայով մտահոգ անձինք։
«Մասնավորապես, ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը դեռ 2020-ի հունիսին ահազանգում էին մեր երկրի գլխին կախված սպառնալիքների մասին, խոսքը վերաբերում էր թե Արցախի անվտանգությանը, թե տնտեսությանը։ Տրամաբանությունը հուշում է, որ այսօր արտահերթ ընտրությունների անցկացումն անխուսափելի է։ Ասել, որ այն կհանգուցալուծի քաղաքական ճգնաժամը, այդպես չի լինելու։ Գուցե անհրաժեշտություն առաջանա նորից ու նորից ընտրություններ անցկացնել այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվի այնպիսի իշխանություն, կառավարություն, որը կապահովագրի իր ժողովրդին, ազգաբնակչությանը և երկիրը կտանի զարգացման հունով, ինչն այս պահին մենք, ցավոք սրտի, չունենք»,-ասաց քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան