Այս ԱԺ-ն և կառավարությունը մեկ հոգու թիկնազոր է, ուրիշ ֆունկցիա չունի. Վահե Հովհաննիսյան
«2021 թվականի հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մենք ունեինք պատմական մեկ հնարավորություն փակելու պարտության էջը, սակայն մենք այդ շանսից չօգտվեցինք, անորոշ ժամկետով հետաձգեցինք պարտության էջի փակումը»,- «Հայկական օրակարգ. Ընտրություններից մեկ տարի անց» թեմայով քննարկմանն ասաց փորձագետ Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այդ էջի փակումը ամենևին չի ենթադրում միանգամից փայլուն, բարգավաճ կյանք, բայց մինչև այդ էջը չփակվի, որևէ կայուն զարգացման մասին խոսք լինել չի կարող։
«600 հազարից ավելի մարդ քվեարկեց այն ուժի օգտին, որ իրեն բերեց պատերազմ, պարտության, իսկ ավելի մեծ հատված մնաց տանը։ Մենք չկարողացանք կամ չուզեցինք հասկանալ աղետի մասշտաբները, ծավալները, որը մեզ հետ տեղի է ունեցել։ Մի մասն, այո, չի հասկացել, ինչ է կատարվում։ Ունենք ավելի շատ քաղաքացիներ, որոնք ուղղակի վախենում են անկեղծ լինել իրենք իրենց առաջ և ասեն, թե ինչ կատարվեց։ Այդ խնդիրն էլ պետք է լուծենք»,- նշեց փարձագետը։
Այնուհետև նա ընդգծեց, թե ինչ որակի իշխանություն ստացավ հայ հասարակությունը հունիսի 20-ից հետո։
«Ըստ իս, ստացանք մեկ հոգու օրենսդիր և գործադիր թիկնազոր։ Այս Ազգային ժողովը և կառավարությունը մեկ հոգու թիկնազոր է, ուրիշ ֆունկցիա չունի։ Մեկ հոգու անձնական շահերի սպասարկման թիկնազորներ են, դրա համար այսօր Հայաստանում ոչ մի բարեփոխում, առաջընթաց չկա, իներցիայով առաջ ենք գնում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հունիսի 20-ի արտահերթ ընտրության արդյունքում Հայաստանն ունի ոչ էֆեկտիվ իշխանություն, արտաքին ծայրահեղ ռիսկեր, որոնք մեր հասարակությունը չի ընկալում ինչպես մեկ տարի առաջ չէր ընկալում, որ, իսկապես, ամեն րոպե կարող են արթնանալ ու անակնկալ նոր իրողությունների առաջ կանգնել։
«Մենք ունենք ներքին ռիսկեր, լուրջ տնտեսական ռիսկեր, որոնք ոչ մեկ չի քննարկում, ոչ մեկին չի հետաքրքրում, ունենք շատ բզկտված հասարակություն, որը ոչ մի լուրջ հաջողության ունակ չէ»,- ասաց փորձագետն ու ընդգծեց, որ այս ամենը դատավճիռ չէ, իրողություն է, որի մասին պետք է պարզ խոսել։
Ըստ նրա, պետք է կարողանալ հանրության տարբեր խմբերի միջև ճիշտ կոմունիկացիոն մեխանիզմներ գտնել։
Վ. Հովհաննիսյանի խոսքով, իշխանության կողմնակից նախկին ընտրազանգվածը, ակնհայտորեն չկա, ինչը ցույց է տալիս սոցիալական հարցումները, իրենց անմիջական շփումները, անտարբերությունը սեփական ճակատագրի, սեփական պետության ճակատագրի նկատմամբ սկսել է փոխվել, շատերն անհանգիստ են, հասկանում են ռիսկերը։
«Ինչ անել։ Մեղմել ներհանրային չարությունը։ Լուծման բանալին միջընտրազանգվային երկխոսության մեջ է։ Մենք պետք է կարողանանք իրար լսել, ինչքան էլ դժվար է, լսել տեսակետներ, հարգել դրանք ու գտնել համատեղ լուծումներ։ Պետք է նոր ասելիք, նոր տեսակետներ, նոր միավորումներ։ Չպետք է վախենալ նորից»,- ասաց Վ.Հովհաննիսյանը՝ միաժամանակ հավելելով, որ պետք չէ նոր մարդկանց հորինել, կամ նորը չի նշանակում լուսնից իջեցնել մարդկանց։
«Ունենք փորձ, գիտելիք, տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ուղղակի նոր ձևաչափեր ու ասելիք է պետք»,- ասաց փորձագետը։
Իր խոսքի վերջում նա կրկնեց՝ անցած տարի պարտավոր էին փակել պարտության էջը, դա չի արվել, հետևապես թիվ մեկ խնդիրը որպես պետություն, հասարակություն, այդ էջը փակելն է։
«Դա հնարավոր է միայն ու միայն նոր իշխանությամբ, դրանից հետո նստել ու խոսել որն է այն ծրագիրը, որով պետք է առաջ գնալ՝ հարևանների, թշնամիների, միջնորդների հետ բանակցելով, ուժեղանալով։ Սա է մեր թիվ մեկ օրակարգային խնդիրը»,- ասաց փորձագետ Վահե Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Պարզվում է, որ ճնշող մեծամասնությունը Նիկոլին չի լսում
- Վահե Հովհաննիսյան. Առանց կուռքի Հայաստան
- Վահե Հովհաննիսյան. Լույսերի հեղափոխություն
- Վահե Հովհաննիսյան. Սահուն և խաղաղ իշխանափոխության հարցում ուժայիններն ունենալու են կարևոր դերակատարում
- Վահե Հովհաննիսյան. Հայկական օրակարգ. Չդառնալ «Ժողովրդավար Ուկրաինա»
- Վահե Հովհաննիսյան. Հիմա ոչ թե անջատ կուսակցությունների «բացման կամ ստեղծման» ժամանակն է, այլ հակառակը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը