Վանեցյան. Պետք են մի քիչ նյարդեր, ժամանակ, կամք, որ հասնենք մեր նպատակին
«Ես չեմ համարում, որ մենք ձախողել ենք, պետք է գնանք տուն ու որևէ բան չանենք։ Ես շարունակելու եմ պայքարել հանուն մեր հիմնական նպատակի»,-«Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը օրեր առաջ հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։
Նա մանրամասնեց, իր նպատակը ոչ թե բացառապես Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ ունենալ անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ ու մեծ հայրենիում ապրող արժանապատիվ քաղաքացի։
«Բայց քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իշխող թիմը կան մեր երկրում, կառավարում են, իշխում են, այդ նպատակին հասնել չենք կարող, դրա համար նախ որպես միջանկյալ միջոց պետք է հասնել նրանց հեռացմանը, ապա՝ հիմնական նպատակին»,-ասաց Վանեցյանը։
Անդրադառնալով խորհրդարան չվերադառնալու իր որոշման պատճառներին, Վանեցյանն ասաց, անելիք չունի այն տեղում, ուր ծափահարում են մի մարդու, որը հայտարարում է՝ պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։
«Ես անելիք չունի մի տեղում, ուր ծափահարում են մի մարդու, որը հայտարարում է, որ հազարավոր զոհեր 44-օրյա պատերազմում կարող էին չլինել, բայց եղան, քանի որ ինքն այդպես էր որոշել։ Ես ասել եմ, ես խորհրդարան չեմ վերադառնալու, շարունակելու եմ պայքարել Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանությանը հեռացնելու համար»,-ասաց նա։
Վանեցյանն ասաց, չի օգտագործելու «ձախողում» բառը Դիմադրության շարժման մասին, կան դրական արդյունքներ։
«Հավատացեք, պետք են մի քիչ նյարդեր, ժամանակ, կամք, որ հասնենք մեր նպատակին»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Արթուր Վանեցյանը մասնավորապես հայտարարեց.
«Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։
«Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը նման է մի հանցագործի, ով իր կողքի բոլոր մարդկանց դրդում է, տանում է հանցագործության․ Վանեցյան
- Պայքարի ճանապարհների տարբերությունը ժամանակը ցույց կտա. Վանեցյան
- Վանեցյան. Ես գնամ, պառլամենտում ի՞նչ անեմ
- ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին
- Աշոտյան. Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի և «Հայրենիք» կուսակցության որոշմանը
- Արթուր Վանեցյան. Դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան