Ախալքալաքում կարկուտը փչացրել է բերքը
Հունիսի 21-ին Ախալքալաքում և որոշ գյուղերում տեղացած ուժեղ կարկուտը փչացրել է բերքը։ Նման բան ամեն տարի տեղի է ունենում, ու չնայած այն հանգամանքին, որ պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական ապահովագրությունը, Ախալքալաքի ֆերմերները ապահովագրությունը չեն ընդունում:
Ախալքալաքում և մի շարք՝ Դիլիսկա, Խուլգումո, Կուլիկամ, Գոման, Օլավերդ գյուղերում, հունիսի 21-ին, կարճատև, բայց ուժգին տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղացիներին՝ հողին հավասարեցնելով կարտոֆիլի դաշտերը, հացահատիկային, բանջարբոստանային կուլտուրաները, վնասվել են նաև ծառերը։ Jnews-ը գրում է, որ Ախալքալաքում այս սեզոնին տեղացած կարկուտը գրեթե ամեն տարի վնաս է հասցնում հողագործությանը, սակայն գյուղացիները չեն ցանկանում ապահովագրել իրենց բերքը։ Չցանկանալու պատճառներից են՝ ապահովագրական ընկերությունների նկատմամբ անվստահությունը, ապահովագրության համար գումարի բացակայությունը, գրանցման բացակայությունը և այլն։
Դիլիսկայում, գյուղացիների նախնական հաշվարկով, կարկուտը փչացրել է բերքի 70-80 տոկոսը։
Վարազդատ Սալվարյանը Դիլիսկա գյուղից 25 հա կարտոֆիլ և հացահատիկ է ցանել: Վերջինիս խոսքով, կարտոֆիլը դեռ կարելի է փրկել, սակայն հացահատկեղենն այլևս հնարավոր չէ: Նա 25 հեկտարից ապահովագրել է ընդամենը 3 հա հողատարածք:
«Այն հողակտորները, որոնք իմն են ու փաստաթղթեր ունեի, ես ապահովագրել եմ, բայց դա ընդհանուրից ընդամենը մի քանի հեկտարն է կազմում, իսկ հողերի մեծ մասը վարձակալված են և ապահովագրված չեն: Մեր գյուղում մի քանի հոգի են ապահովագրել իրենց հողերը, այդպիսիք կազմում են 5-10 տոկոսը: Ապահովագրությունը կապված է գումարի հետ, գրանցման հետ, և հետո՝ ապահովագրության վճարի չափն էլ քիչ չէ»,- ասում է Վարազդատ Սալվարյանը։
Ըստ նրա, պետությունը բավարար ուշադրություն չի դարձնում շրջանին:
«Մեր մասին ոչ ոք չի մտածում, ողջ Սամցխե-Ջավախքի շրջանում ոչ մի հակակարկտային կայան տեղադրված չէ: Դրանք այդքան էլ թանկ չեն»,- ասում է Վարազդատ Սալվարյանը։
Վրաստանում գյուղատնտեսական ապահովագրությունը գործում է 2014 թվականից։ Ապահովագրական ընկերություններն Ախալքալաքի մունիցիպալիտետում այնքան էլ ակտիվ չեն և տեղեկատվական արշավներ չեն իրականացնում։ Ոչ բոլոր ընկերություններն ունեն իրենց ներկայացուցիչներին Ախալքալաքում, ինչն իր հերթին ազդում է նաև ապահովագրության ցածր մակարդակի վրա։
Բերքի ապահովագրությունը պետական ծրագիր է: Ապահովագրության գումարից պետությունը ապահովագրական ընկերությանը վճարում է 70%, իսկ 30%-ը վճարում է հողի սեփականատերը: Բոլոր ընկերությունները Ախալքալաքի շրջանում բերքն ապահովագրում են կարկտահարությունից, ջրհեղեղներից, աշնանային ցրտահարություններից և փոթորկից:
1 հա կարտոֆիլի դաշտի ընդհանուր ապահովագրական գումարը կազմում է 1275 լարի, որից 382,50 լարին վճարում է գյուղացին, իսկ 892,50 լարին՝ պետությունը։ Ըստ ապահովագրական կանոնակարգի, 1 հա կարտոֆիլի դաշտի 100%-ով վնասի դեպքում կարելի է ստանալ 15 000 լարի։ Այս գումարը հաշվարկված է՝ 1 կգ կարտոֆիլի 0,60 թեթրի արժեքի և 25 000 կգ/հա բերքատվության դեպքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները