Արշակունյաց պողոտայում սպանության փորձի գործով մեկ ձերբակալված կա
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է նախօրեին Մասիս քաղաքի՝ 22-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու մանրմասնում, որ երիտասարդի՝ «որովայնի հրազենային գնդակային թափանցող միջանցիկ վերք, ձախ սրունքի միջին երրորդականի կույր հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Մասիսի բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 22-ին՝ ժամը 20:10-ին:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 32 տարեկան:
Նախնական տվյալներով, դեպքի օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում, 32-ամյա տղամարդը, ուրիշին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել երիտասարդի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն ու ստացել անհրաժեշտ բուժօգնություն:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: