Մեծ պատասխանատվություն եմ զգում, որ ելույթ եմ ունենալու Շառլ Ազնավուրի հայրենիքում. ZAZ
«Շատ ուրախ եմ լինել Հայաստանում, նաև հուզված եմ, քանի որ Շառլ Ազնավուրի հայրենիքն է։ Մեծ պատասխանատվություն եմ զգում, որ ելույթ եմ ունենալու նրա հայրենիքում»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆրանսիացի հայտնի փոփ երգչուհի ZAZ –ը։
Երգչուհին նշեց, որ Ազնավուրն իրեն շատ խորհուրդներ է տվել, որոնք իր կյանքում շատ մեծ նշանակություն ունեն։
«Նրա կարևոր խորհուրդներից մեկն էր՝ սովորել անգլերեն, բայց այդպես էլ չսովորեցի»,- ասաց ZAZ-ը։
Երգչուհին բացատրեց, թե ինչու էր երեք տարի լուռ՝ հանդես չէր գալիս համերգներով ու չէր թողարկվում ձայնասկավառակներ. «Իմ տեղը բեմում էր, դրա համար նորից սկսեցի երգել։ Իսկ այդ երեք տարին ինձ անհրաժեշտ էր իմ անձնական կյանքով զբաղվելու համար»։
Ֆրանսիացի հայտնի և սիրված փոփ երգչուհի ZAZ-ի մենահամերգը տեղի կունենա հունիսի 25-ին Երևանի Հրազդան մարզադաշտում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։
«Ես ցանկանում եմ տոն պարգևել հայ հանդիսատեսին, որ համերգի վերջում էներգիայով լցված հեռանա»,- ասաց ZAZ-ը։
Նա պատմեց, որ դեռ շատ բան չի հասցրել տեսնել Երևանում, իսկ 2018-ին, երբ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանում կրկին այստեղ էր՝ զգացել է, որ մարդիկ ջերմ են, իրեն շատ դուր են եկել։
«Շատ եմ սիրում դուդուկը։ Ունեմ ձայնասկավառակ, երբ հոգնած եմ լինում, միացնում եմ ու լցվում էներգիայով»,- ասաց ֆրանսիացի երգչուհին։
Համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը և երիտասարդ տաղանդաշատ հայ երաժիշտ Պարգը։ Համերգի հրավիրյալ կատարողն է հայ սիրված դուդուկահար Կամո Սեյրանյանը, ով հայկական դուդուկի կախարդական հնչողությունը կփոխանցի հանդիսատեսին ZAZ-ի հետ համատեղ կատարմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում ZAZ-ի հետ ելույթ կունենա դուդուկահար Կամո Սեյրանյանը
- Շառլ Ազնավուրը չէր ցանկանա, որ մենք տխուր լինենք. ZAZ
- Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին ելույթ կունենա ZAZ-ը, իսկ Ազնավուրի ներկայությունը՝ անակնկալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին