Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը
ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը ամերիկացի ու ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ, կարգավորման գործընթացի հիմքը հանդիսանում են եռակողմ երեք հայտարարությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի հարցը չեն քննարկել, փոխարենն անդրադարձել են հետպատերազմյան կարգավորմանը։
«Մենք չենք քննարկել Մինսկի խմբի հարցը, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ֆրանսիացի ու ամերիկացի մասնակիցների նախաձեռնությամբ, բայց կոնֆլիկտից հետո ստեղված իրավիճակի կարգավորումը, իհարկե, քննարկել ենք։ Այս նոր գործընթացների համար հիմք են հանդիսանում եռակողմ երեք հայտարարությունները, որոնք ստորագրվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից»,-նշել է Լավրովն ու ավելացրել, որ Մինսկի խմբի քննարկումները եղել են առանց տեսանելի արդյունքների, դրանք այլևս ակտուալ չեն, քանի որ գետնի վրա տեղի ունեցող իրադարձություններն ավելի առաջ են անցել։
«Սա է օբյեկտիվ իրականությունը։ Ինչպես հասկանում եմ, այս իրականությունն ընդունում են նաև մեր եվրոպացի հարևանները, որոնք փորձում են ամեն կերպ ներդնել ԵՄ ջանքերը մնացյալ խնդիրների լուծման գործում։ Բայց նրանք բոլորն էլ ընդունում են, որ այդ խնդիրները դրված են եռակողմ երեք հայտարարություններում, որոնք ոչ մի կերպ կապված չեն ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության, ոչ էլ այն զարգացումների հետ, որոնք առկա էին այս խմբի ներսում՝ բացառությամբ վերջնական նպատակի։ Իսկ վերջնական նպատակը հենց Ղարաբաղը շրջապատող շրջանների ազատագրումն ու բուն Ղարաբաղի ու նրա բնակչության կենսագործունեության հարցերը լուծելն էր»,-ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Երևանում Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը մասնավորապես ասաց.
«Առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությունը։ Հիշեցնեմ, որ մեր երկրների ղեկավարները իրենց վերջին համատեղ հայտարարությամբ հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությանը հասցվել է անդառնալի վնաս
- Թոմ դե Վաալ. Մինսկի խմբի ձևաչափը մեռած է, սակայն կարևոր է պահպանել նրա փաստաթղթային ժառանգականությունը
- Իլհամ Ալիև. Մինսկի խումբը ցրվեց առանց հոբելյանը նշելու
- Դավիթ Բաբայանը հույս ունի՝ հարաբերությունների թեժ շրջանը հաղթահարելուց հետո կրկին կսկսի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խումբը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան