Սուրբ Աննա ամառային համերգաշար 2022
Մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի շրջանակներում՝ հունիսի 10-ից հուլիսի 1-ը «Սուրբ Աննա» եկեղեցու բացօթյա տարածքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ կիրականացվի հոգևոր և դասական երաժշտության ամառային համերգաշար՝ «Սուրբ Աննա ամառային համերգաշար 2022» խորագրով: Այս մասին հայտնում են հիմնադրամից։
«Համերգները տեղի կունենան յուրաքանչյուր ուրբաթ՝ երեկոյան: Ելույթ կունենան «Տաղարան» համույթը, «Հովեր» երգչախումբը, «Կոմիտասի լարային քառյակ» նվագախումբը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: «Սուրբ Աննա ամառային համերգաշար 2022»-ը նվիրված է «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի երջանկահիշատակ հիմնադիր նախագահ Հրայր Հովնանյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հովնանյանի հիշատակին:
Արդեն իսկ անց է կացվել երկու համերգ՝ հունիսի 10-ին՝ «Տաղարան» համույթի, և հունիսի 17-ին՝ «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ, որոնց ներկա է գտնվել մեծ թվով հանդիսատես: Առաջիկայում՝ հունիսի 24-ին, ելույթ կունենա «Կոմիտաս լարային քառյակ»-ը և հուլիսի 1-ին եզրափակիչ ելույթով հանդես կգա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:
Հայկական մշակութային ժառանգության պահպանման ոլորտում Հովնանյան հիմնադրամն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ Սաղմոսավանքի, Դադիվանքի և Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնողական ծրագրերը:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրել «Մատենադարան» հիմնադրամին՝ մանրանկարչության դասընթացների կազմակերպման, «Նարեկացի» արվեստի միությանը՝ երաժշտության, նկարչության, կավագործության և գորգագործության դասընթացների իրականացման, «Հայաստանի թատերական գործիչների միություն» կազմակերպությանը՝ ՀՀ մարզերում թատերական փառատոնների անցկացման, NVAK Inc.-ին՝ երաժշտության և արվեստի ոլորտում երիտասարդ տաղանդների մասնագիտական մենթորության նպատակով»,- նշված է հաղորդագրությունում:
1986թ․ Հիմնադրամի հիմնադրման օրվանից, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը նպաստել է բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ համապատասխան ուղղություններով հարյուրավոր նախաձեռնությունների և ծրագրերի՝ հիմնական նպատակ ունենալով աջակցել հայ համայնքներին աշխարհով մեկ, ինչպես նաև կազմակերպություններին Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշի շրջաններում։