Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ հայտարարությանը, գրում է.
«Լավրովի՝ Բաքվում արված երեկվա հայտարարություններից մի կարևոր կետ, կարծես, դուրս է մնացել հասարակության ուշադրությունից։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների ու գործունեության մասին՝ վերջինս ասել է, որ դրանք բոլորն այլևս արդիական չեն, բացի վերջնական նպատակից։ «Իսկ վերջնական նպատակը հենց այն էր, որպեսզի ազատագրվեն Ղարաբաղը շրջապատող շրջանները և լուծվեն բուն Ղարաբաղի և նրա բնակչության կենսագործունեության հարցերը»։
Համաձայնվեք՝ ստոր նպատակադրում է։ Եվ հարց է առաջանում, թե դա ու՞մ նպատակն էր՝ Մինսկի խմբում համանախագահող բոլոր երկրների, թե՞ նրանցից ոմանց։ Որովհետև միջնորդների հայտարարություններում մինչ այս նման նպատակ մենք երբեք չենք տեսել։ Ճիշտ հակառակը՝ նպատակը հայտնի սկզբունքների վրա հիմնված, հայկական և ադրբեջանական կողմերի համար ընդունելի խաղաղությունն էր։
Մի բան կարող եմ միայն վստահ ասել՝ Հայաստանը նման նպատակ չի ունեցել։ Եվ սա միանշանակ է։
Ինչպես նաև միանշանակ է այն, որ մեր աչքի առջև նոր հակահայկական նպատակներ են ձևավորվում ու կյանքի կոչվում։ Իսկ պաշտոնական Երևանը լուռ է։ Խոսելիս էլ, փաստորեն, հավանություն է տալիս Բաքվում մշակված օրակարգի դրույթներին։
Լավրովը երեկ հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգիստի մասին։ Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ»։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյան. Լավրովի հայտարարությանը կլինի մեկնաբանություն
- Լավրով-Բայրամով մամլո ասուլիսից ստացա շատ ծանր տպավորություն․ Արմեն Աշոտյան
- Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը
- Զախարովա. ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությանը հասցվել է անդառնալի վնաս
- Իլհամ Ալիև. Մինսկի խումբը ցրվեց առանց հոբելյանը նշելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան