Վարդան Ոսկանյան. Պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում սկսել է մի շարք՝ «Պատերազմը և մենք« խորագրոց։
«Շարքի միջոցով կփորձեմ ոչ շատ երկար, պարզ ձևակերպված և «ոչ դիվանագիտական» գրառումներով անդրադառնալ, որպես պետություն և ազգ, մեր առջև ծառացած, ըստ իս, ամենակարևոր խնդրին՝ պատերազմին և մեզ»,-մանրամասնել է ԵՊՀ պրոֆեսորն ու հրապարակել առաջինը։
«Պատերազմը և մենք
1․ Պատերազմի անխուսափելիությունը
Եվ այսպես, արդյո՞ք հնարավոր է խուսափել պատերազմից այնպիսի տարածաշրջանում և այնպիսի թշնամու հետ, ինչպիսին Ադրբեջանն է։ Այո՛, հնարավոր է։ Հնարավոր է, բայց փաստացի հանձնվելու պարագայում միայն։ Իսկ արդյո՞ք դա է հայկական պետականության հազարամյակների ծրագրի տեսլականը։ Ո՛չ, և երիցս ո՛չ։
Հետևաբար պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա՝ ոչ թե դրանից վախենալը և հանձնվելը, այդպիսով միանշանակորեն կործանելով մեր նախնիների, մեր և մեր սերունդների երազանքը, այլ լայն իմաստով պատերազմին պատրաստ լինելը։
Կարող է հարց առաջանալ, իսկ ինչո՞ւ չի կարելի «տեխնիկական» իմաստով լուծել հայ-ադրբեջանական հիմնահարցը, դիցուք, զիջելով ինչ-որ տարածք, համաձայնելով Ադրբեջանի պահանջներին և այլն։ Չի կարելի շատ պարզ և միանշանակ պատճառով՝ խնդիրը չունի նման «տեխնիկական» լուծում, քանզի հակամարտությունը գոյաբանական է՝ նաև դիմացի կողմից ձևակերպված շատ հստակ՝ «պետք է լինենք կա՛մ մենք, կա՛մ դուք» տրամաբանությամբ։
Հետևաբար պետք է արձանագրել ելակետային հետևյալ հանգամանքները ճշգրիտ ուղղությամբ ընթանալու համար՝
1․ հայ֊ադրբեջանական հակամարտության խնդիրը գոյաբանական է, ուստի չունի «տեխնիկական» լուծում,
2․ պատերազմից կարելի է խուսափել միայն Հայաստանի պետականության «խաղաղ ոչնչացման» թշնամական ծրագիրն անվերապահորեն ընդունելու դեպքում,
3․ պատերազմից կարելի է խուսափել կամ չխուսափելով հաղթական պատերազմ մղել միայն բոլոր իմաստներով դրան լիարժեք պատրաստ լինելու պայմաններում։
Ըստ այդմ, ընտրանքները, մեղմ ասած, այդքան էլ բազմազան չեն, ինչպես և Մերձավոր Արևելքի շատ երկրների պարագայում, ուստի հնարավորին արագ կամ նույնիսկ անհապաղ մենք՝ որպես պետություն և ազգ, առաջինը հենց ինքներս մեզ պետք է քաջություն ունենանք խոստովանելու «Բարի գալուստ մերձավորարևելյան իրականություն», իսկ այդ իրականությունից բխող հիմնական մարտահրավերը՝ այսինքն անխուսափելի պատերազմին պատրաստ լինելը, դարձնենք պետական և ազգային ամենաառաջնային օրակարգ»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Մենք Մերձավոր Արևելքում ենք, այլ ոչ թե պայմանական Շվեյցարիայում
- Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իր էությամբ նաև հակառուսական քաղցկեղային գոյացություն է․ Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Կրակված առաջին արկն ընկնում է հենց ոստիկանների վրա
- Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունը շարունակելու է ավելացնել իր հզորությունը. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Հստակ և կտրուկ պետք է արձանագրվի, որ Հայաստանում չեն կարող լինել «անկլավներ»
- Վարդան Ոսկանյան. Մեզ վայել չէ, իսկ գոյութենական իմաստով նաև հակացուցված է համայնք լինելով բավարարվելը
- Թուրքական կողմը պետք է իմանա՝ Հայաստանում գալու է ազգային իշխանություն և փոխելու է իրողությունները. Վարդան Ոսկանյան
- Իրանը բարեկամական երկիր է, բայց եթե բարեկամիդ հետ չես աշխատում՝ աշխատում է թշնամին. Վարդան Ոսկանյան