Եվա Գևորգյան. Ես իմ գործի ֆանատն եմ
Երիտասարդ, տաղանդավոր ռուսաստանաբնակ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, ով հաճախ է մասնակցում միջազգային մրցույթների, classicalmusicnews.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ մրցույթները օգնում են, սովորաբար դրանցից հետո համերգներով հանդես գալու առաջարկներ են լինում։
«Կարծում եմ՝ սա կարիերա կառուցելու կարևոր քայլ է, հիմա առանց մրցույթների կարիերա անելը շատ դժվար է»,- ասել է նա։
Դաշնակահարուհին նշել է, որ շատ չի տարբերում մրցույթի ելույթը համերգի ելույթից. «Ամենուր պետք է առավելագույնը տաս, և ամենուր աշխատելու բան կա: Իհարկե, ես միշտ ուզում եմ հաղթել, բայց պետք է նաև կարողանալ պարտվել, քանի որ միայն այդ դեպքում ես հասկանում, թե ինչի վրա է պետք աշխատել, որ ուղղությամբ աճել։ Եվ միշտ աճելու տեղ կա:
Ես իսկապես հաճույք եմ ստանում մրցույթներից, և, իհարկե, նաև համերգներից: Բայց մրցույթների ժամանակ կա հատուկ մղում, մի փոքր այլ հուզմունք: Ցանկանում եմ ցույց տալ լավագույնը»։
Եվան ասել է, որ իր գործի ֆանատն է. «Ես իմ աշխատանքի ֆանատն եմ, սիրում եմ, շատ եմ սիրում դաշնամուր նվագել, և մանկուց երազել եմ համերգներով հանդես եկող դաշնակահար դառնալ։ Երբ հանդիպեցի Դենիս Մացուևին, զարմացա, թե ինչպես է նա ամեն ինչ կարողանում, և նա ինձնից երկու հարյուր անգամ ավելի է կարողանում (ժպտում է), նա իմ կուռքն է»։
Նա համոզմունք է հայտնել, որ, ընդհանրապես, գլխավորը երջանիկ, առողջ մարդ դառնալն է, մնացած ամեն ինչ անկարևոր է։
«Ես ծրագիր չունեմ, որին հետևեմ։ Երբեմն ինձ գրավում է մի բան, որը ես չէի էլ սպասում: Եվ այսպես, կարծում եմ, նույնիսկ ավելի հետաքրքիր է ապրել, քան ինչ-որ հստակ պլանի հետևել»,- ասել երիտասարդ դաշնակահարուհին։
Հարցին՝ ի՞նչ է քեզ համար երջանկությունը, Եվան պատասխանել է. «Երջանկություն...: Յուրաքանչյուրի համար երջանկությունը տարբեր բան է: Բոլոր մարդկանց համար երջանկության մեկ հասկացություն չկա: Ոմանց համար երջանկությունը մրցույթում հաղթելն է, ինչ-որ մեկի համար՝ սիրելին միշտ կողքին լինի: Որոշ մարդիկ պարզապես ցանկանում են առողջ լինել և տանիք ունենալ իրենց գլխավերևում: Բոլորը տարբեր են:
Բայց կարող եմ ասել, որ ինձ համար ամենամեծ երջանկությունն այն է, երբ բոլոր մտերիմներս առողջ են, երջանիկ, և ես ունեմ իմ սիրելի զբաղմունքը։ Ինձ ուրիշ ոչինչ պետք չէ»։
Հիշեցնենք, հուլիսի 8-ին հանդես կգա Երևանում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը կղեկավարի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը։ Այն կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ծրագրում՝ Ս. Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, Մանսուրյան՝ Ռեքվիեմ։
Եվան սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ 2019-ին Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։
2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։
Եվան 2019-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը հանդես կգա Երևանում
- Felsner Artists. Եվա Գևորգյանի ձայնը կլսվի աշխարհի մեծագույն բեմերից գալիք տասնամյակների ընթացքում
- Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթի եզրափակչում է
- Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթի երրորդ փուլում է
- Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթում անցել է երկրորդ փուլ
- Երիտասարդ դաշնակահարուհի Եվա Գևորգյանին հոտնկայս ծափահարում են Ռուրի փառատոնում
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Շոպենի անվան միջազգային մրցույթին
- «Ռահմանինովի օրեր» միջոցառման դաշնակահարը Եվա Գևորգյանն է
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը որպես աջակցություն ստացել է YAMAHA ընկերության ռոյալ
- Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինն ընտրել է մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանին
- Դաշնակահար Եվա Գևորգյանը Գրան պրի և հատուկ մրցանակ է ստացել Չիկագոյի միջազգային մրցույթում
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը մենահամերգ կունենա Մարինյան թատրոնում
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել «Ռոյալ Ալբերտ Հոլում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան