Համերգ՝ նվիրված Լուսինե Զաքարյանի 85-ամյակին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 26-ին կայանալու է երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի 85-ամյակին նվիրված համերգ։
Երեկոյի ընթացքում ելույթ է ունենալու «Հովեր» պետական կամերային երգչախումբը
(խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան), Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան), մենակատարներ՝ միջազգային մրցույթների դափնեկիր Գալինա Ցոլակյան (սոպրանո), Գայանե Ղամբարյան (սոպրանո), Թերեզա Ոսկանյան (երգեհոն, կլավեսին), Հովիկ Օգանեզով (թավջութակ), Սոնա Ղամբարյան (դաշնամուր), Մարգարիտ Սարգսյան (դաշնամուր), Լուսինե Զաքարյանի անվան անվանական կրթաթոշակի արժանացած ուսանողներы:
Լ. Զաքարյանը ծնվել է 1937 թ. հունիսի 1-ին Ախալցխայում (Ջավախք): 1952թ.-ին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, որտեղ նա սկսել է երաժշտական դպրոց հաճախել։ 1957թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա, և շուտով նրա տաղանդը արդեն բացահայտ էր։
Ռուսախոս երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին` Հրանտ Գևորգյանին, խնդրել է թույլ տալ իրեն երգել մայր տաճարի Երգչախմբում: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմել է Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բայց Վեհափառի պատասխանը բացասական է եղել:
Այնուամենայնիվ, Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրել է, որպեսզի Լուսինեն կարողանա այն սովորել: Լուսինեի առաջին ելույթը Մայր տաճարում մեծ անակնկալ է եղել Կաթողիկոսի համար: Հիացած նորահայտ երգչուհու տաղանդով՝ նա պատվիրել է անմիջապես գրանցել Լուսինեին երգչախմբում, որտեղ նա սպասավորել է իր ողջ կյանքի ընթացքում: Լուսինեն, նախ ուսուցչի, այնուհետև ամուսնու՝ Խ.Պալյանի ջանքերով սովորել է հայերեն և գրաբար, և նվիրվել հայ հոգևոր երաժշտությանը:
Նա կարողացել է անել այն, ինչ երկար տարիներ թվում էր անհնար: Խորհրդային իշխանության պայմաններում Լուսինեն կարողացել է եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը դուրս բերել եկեղեցուց և դարձնել համաժողովրդական: Համերգներով եղել է արտերկրում, որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները: Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ:
Լուսինեի համար է կոմպոզիտոր Ա.Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»: Նրան բանաստեղծություններ են ձոնել Ս.Կապուտիկյանը ,Վ.Դավթյանը,Պ.Սևակը , այլազգի բանաստեղծներ: Շնորհիվ հոգեթով ձայնի, Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան:
Լ. Զաքարյանը մահացել է 55 տարեկան հասակում՝ 1992թ դեկտեմբերի 30-ին: Վազգեն Առաջին վեհափառը, ընդառաջելով երգչուհու վերջին ցանկությանը, թույլատրել էր, որ նրա դին հանգչի Սուրբ Գայանե եկեղեցու բակում: