Վտանգավոր հիվանդության մասին բրիտանուհին իմացել է սոցցանցում արված մեկնաբանության շնորհիվ
Անգլիայի Էսսեքս քաղաքի բնակչուհին մեկ տարուց ավելի տառապում էր որովայնի ցավերից և վտանգավոր հիվանդության մասին իմացել է սոցիալական ցանցերից մեկում արված մեկնաբանության շնորհիվ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
20-ամյա Էննի Մարշալը պատմել է, որ ցավն առաջացել է սննդային թունավորումից հետո, որը տեղի է ունեցել 2020 թվականի մարտին։ Նրա մոտ սկզբում ինֆեկցիա են ախտորոշել, որի դեմ սկսվել է բուժվել, սակայն դա չի օգնել։ Էննին ուտելու ժամանակ միշտ ցավեր է ունեցել։
Սննդի հետ կապված խնդիրների պատճառով նա նիհարել է գրեթե 13 կիլոգրամով։ Աղջիկը շարունակել է հետազոտությունները, իսկ մեկ տարի անց բժիշկները հայտնել են, որ նա ունի գաստրոպարեզ՝ մարսողության խանգարում, որի ժամանակ վատանում է աղեստամոքսային տրակտի մկանների աշխատանքը, ինչը հանգեցնում է ստամոքսի հետ կապված խնդիրների։
Մարշալը սոցցանցում միացել է գաստրոպարեզ ունեցող մարդկանց խմբին և դժգոհություն հայտնել անարդյունավետ բուժումից: Մի կին տեսել է նրա գրառումը և խորհուրդ տվել ստուգել, թե արդյոք նա ունի Դանբարի համախտանիշ։ Այս համախտանիշով մարդկանց բնորոշ է քաշի կորուստը, փքվածությունը, ուտելուց հետո ցավը և ախորժակի բացակայությունը: Հիվանդությունը դժվար է որոշել անմիջապես, այն պահանջում է լրացուցիչ ախտորոշում և բազմաթիվ հետազոտություններ։
Բրիտանուհին կրկին դիմել է բժշկի և անծանոթի ենթադրությունը հաստատվել է. նրա մոտ իսկապես հայտնաբերվել է Դանբարի համախտանիշ: Մարշալը ԱՄՆ-ում գտել է վիրաբույժի, որը մասնագիտացած է այդ հիվանդության մեջ։ Հուլիսին կկայանա նրա վիրահատությունը։