Պիտի ապրեմ այն հայրենիքում, որ երազում էր իմ որդին. Պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայր
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի ընտրության հարցը։ Թափուր տեղի համար առաջադրվել են Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի և Աղասի Մկոյանի թեկնածությունները:
Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր Գևորգ Արշակյանի մայրն է։
Նա ասաց, որ 1996 թվականից առ այսօր աշխատում եմ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում որպես դատավոր, եղել է ԵՊՀ դասախոս։ Ն.Հովսեփյանի գնահատմամբ, օրենքը փորձություն է անցնում Առաջին ատյանի դատարանում, քանի որ հենց Առաջին ատյանի դատավորն է տեսնում օրենքի բացերը և, լինելով Առաջին ատյանի դատարանի դատավոր, բազմիցս բարձրաձայնել է այդ խնդիրների մասին, ինչի արդյունքում օրենսդրական լուծումներ են տրվել:
Նաիրա Հովսեփյանը պատմեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվել է, որդին՝ Գևորգը, գնացել է զինկոմիսարիատ կամավորագրվելու, բայց նրան մերժել են, քանի որ նոր էր վերադարձել բանակից. այդ տարվա օգոստոսի 13-ին ավագ լեյտենանտի կոչումով։
Սեպտեմբերի 28-ին որդին ջոկատ է կազմել ԵՊՀ-ում ու մեկնել Մատաղիս։
«Վերադարձել է պատերազմից հոկտեմբերի 13-ին, քանի որ ամբողջ խումբը հիվանդացել էր թոքաբորբով։ Երկրորդ անգամ տղաս տաքսիով մեկնել է ռազմաճակատ։ Ինչու եմ շեշտում երկրորդ անգամ, որովհետև տղաս իմացել է՝ ուր է գնում, տեսել է պատերազմն իր աչքերով։ Մասնակցել է Շուշիի պաշտպանությանը, վիրավորվել է երեք անգամ։
Առաջին անգամ, երբ վիրավորվել է, ինքն իրեն ցավազարկել է, որպեսզի կարողանա իր զինվորների հետ կատարի ռազմական առաջադրանքը։ Ականատես ընկերներն ասում են, որ կանգնած վիճակում փաթեթվել է խաչքարին ու այդպես ստացել երկրորդ, երրորդ վիրավորումները։ Երբ կատարված է եղել ռազմական առաջադրանքը, նոր թույլ է տվել իրեն տեղափոխեն հիվանդանոց, որտեղ էլ անմահացել է։
Որդուս մականունը ֆանտաստիկ էր»,- ասաց Ն. Հովսեփյանը։
Այնուհետև նա ներկայացրեց, թե ինչու է դիմել հենց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի դատավորի պաշտոնի համար։
«Ուզում եմ՝ մեր երկիրն ազատվի կոռուպցիայից։ Կոռուպցիան հրեշ է, ախտ է։ Կոռուպցիա բառը լատիներեն նշանակում է փչացած, այլասերված։
Պատերազմի պարտության պատճառը կոռուպցիան էր։ Իմ կյանքի իմաստը ես տեսնում եմ այն հայրենիքի զարգացման մեջ, որ երազել է իմ որդին, որի համար կյանքն են տվել որդիս ու նրա ընկերները։ Դրա համար ես դիմել եմ, որպեսզի դառնամ այդ դատարանի դատավոր»։
Նրա կարծիքով, իր մասնագիտական ունակությունները, մանկավարժական հմտությունները, իր ապրած կյանքը բավարար են, որպեսզի ԱԺ-ն վստահի իրեն այդ պաշտոնը։
«Բացի այդ՝ մարդիկ հավատում են ինձ։ Ինձ հավատում են մայրերը, ինձ հավատում են զինվորները, մեր տղաների ընտանիքները, ինձանից նաև իմ որդին է պահանջում, որ ես այդ բարդ ու ծանր աշխատանքը պիտի կատարեմ ու ապրեմ այն հայրենիքում, որը երազում էր իմ որդին», - ասաց Նաիրա Հովսեփյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան