Երբ կբացվի Լարսը
Վրաստանը Ռուսաստանին կապող ավտոճանապարհի վնասված հատվածի վերականգնումը կարող է տևել մոտ 7-10 օր։ Sputnik Գրուզիային հայտնել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից։
Նախօրեին հորդառատ տեղումների պատճառով Թերեք գետը դուրս էր եկել ափերից և ողողել դեպի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը։ Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) հատվածը վնասվել է։ Գործակալության տվյալներով, ընդհանուր առմամբ վնասվել է մինչև 80 մետր ճանապարհահատված։
Ավտոճանապարհային վարչությունն արդեն սկսել է վերականգնողական աշխատանքները։
«Ճանապարհների դեպարտամենտի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները տեղում են և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երթևեկությունը հնարավորինս արագ վերականգնելու համար»,- հայտնել են գերատեսչությունից։
Ներկայումս նշված վայրում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։
Բացի այդ, «Կազբեգի» անցակետը դադարեցրել է աշխատանքը։ Ըստ այդմ, «Կազբեգի» անցակետում կասեցվել են բոլոր ընթացակարգերը, այդ թվում՝ ապրանքների ներմուծումը կամ արտահանումը, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից սահմանի հատումը։
Անվտանգության նկատառումներից ելնելով «Կազբեգի» անցակետի բոլոր աշխատակիցներն ու այցելուները տեղափոխվել են այլ վայր։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»- «Վերին Լարս» անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետն է, որն այսօր գործում է։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. ՀՀ «ամենաժողովրդական» կառավարությունը պարտավոր է հենց գյուղերում գնել ծիրանը
- «Ծուռ ակոսը մեծ եզից է». Ստիպված ենք ծիրան շատ ուտել
- Ինչու է փակ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհը
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաներ համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին