Պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել գյուղատնտեսությունում հերթական ցնցումը թույլ չտալու համար. տնտեսագետ
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Լարսում ստեղծված իրավիճակին, գրել է.
«Ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով Վերին Լարսը կրկին փակ է։ Ըստ նախնական գնահատականների՝ այն առնվազն 10 օր, գուցե 2 շաբաթ, փակ է մնալու։ Սա դեպի Ռուսաստան արտահանում իրականացնող կամ Ռուսաստանից ներմուծող տնտեսվարողների համար լրջագույն խնդիր է։ Հատկապես սուր է գյուղմթերքի արտահանման խնդիրը։ Գյուղացին հերթական անգամ հայտնվում է անելանելի վիճակում։ Ծիրանի բերքահավաքի թեժ շրջանում բեռնափոխադրման նման խնդիրը շատ այգեգործների է կանգնեցնելու ֆինանսական խնդիրների առջև։
Սոցիալական ցանցերում տեսա տարբեր նախաձեռնություններ, որով կոչ էին արվում ավելի շատ ծիրան գնել, որոշ օգտատերեր առաջարկում էին որ յուրաքանչյուր ընտանիք 5-6 կգ ծիրան գնի և գյուղացու հոգսը թեթևացնի և այլն։ Գյուղացիները բարձրաձայնում են իրենց խնդիրները, մասնագետները վերլուծություններ են ներկայացնում, քաղաքացիական հասարակության առանձին ներկայացուցիչներ «ֆլեշ մոբ» են իրականացնում, իսկ պատկան մարմինները լուռ են…
Եթե յուրաքանչյուր նմանօրինակ իրավիճակում պետք է հասարակությունը ինքնակազմակերպվի, կամավորական կամ այլ եղանակներով փորձ արվի լուծել խնդիրը, իսկ պետական կառույցներն էլ այդ ամենին դիտորդի կարգավիճակով հետևեն, ապա բնական հարց է առաջանում, թե իշխանությունը ինչի՞ համար է աշխատավարձ ու պարգևավճար ստանում։
Պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել գյուղատնտեսությունում հերթական ցնցումը թույլ չտալու համար։ Գյուղացիական տնտեսությունները ի զորու չեն լինելու ինքնուրույն ու միայնակ հաղթահարել այս ճգնաժամը։
Վաղուց ժամանակն է այլընտրանքների մասին մտածել։ Առաջին անգամը չէ, որ Լարսի փակ լինելը մեր տնտեսության համար բացասական հետևանքների է հանգեցնում։ Տարիներ ի վեր նման իրավիճակը կրկնվում է, ու ամեն անգամ խոսվում է այլընտրանքային ճանապարհների որոնման, Վրաստանի և Ռուսաստանի հետ համատեղ լուծումների քննարկման անհրաժեշտության մասին, բայց որևէ էական տեղաշարժ չկա։ Վերջին տարիներին քանի՞ անգամ են հանդիպել Հայաստանի և Վրաստանի տարբեր մակարդակի պաշտոնյաներ, իսկ երևէ հնչե՞լ է նման հարցադրում»։
Հարակից հրապարակումներ`
- Երբ կբացվի Լարսը
- Ինչու է փակ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհը
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաներ համար
- Լարսի խցանումների պատճառով օրական հազարավոր վարդեր թափում են աղբանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան