«Կլեոպատրա»-ն «Rest-hotel HoReCa Expo-2022»-ում ներկայացավ նոր տեսականիով ու դիզայնով
Վեց տասնյակից ավելի հայկական ընկերություններ իրենց արտադրանքը ներկայացրեցին Երևանում տեղի ունեցած «Rest-hotel HoReCa Expo- 2022» Եվրասիական ցուցահանդեսում։ HoReCa-ն սպասարկման ոլորտի մի սեգմենտ է, որը ներառում է հյուրընկալության և սննդի ոլորտները (ռեստորաններ, սրճարաններ, սննդի ծառայություններ):
2018 թվականից ամեն տարի անցկացվող «Rest-hotel HoReCa»-ն՝ հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի մատակարարման և սպասարկման ցուցահանդեսը, համարվում է ոլորտի առանցքային միջոցառումներից մեկը։ Սա ժամանակակից հարթակ է, որտեղ ընկերությունները ցուցադրում են իրենց նորագույն արտադրանքը, փոխգործակցության եզրեր որոնում սպառման շուկաների գործընկերների հետ։ Բացի այդ, ներկայացվում են ռեստորանային և հյուրանոցային ոլորտի միտումները, հանդիպում են շուկայի հիմնական դերակատարները, իսկ այցելուները ծանոթանում են եվրասիական շուկայի վերջին նորամուծություններին:
Այս տարի ցուցահանդեսը ունեցավ «Radisson Blu» հյուրանոցում, որտեղ ընկերությունները ներկայացրեցին սեփական արտադրության՝ հայկական սննդարդյունաբերության հիմնական արտադրատեսակները. մրգային և բանջարեղենային պահածոներ, սառեցված մրգեր և բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, պաղպաղակ, կաթնամթերք, մսամթերք, թեյի, չրի տեսականի և այլն։ Բացի այդ, մասնակցում էին կահույքի և հյուրանոցային սարքավորումների, խոհանոցային պարագաների արտադրությամբ զբաղվող ընկերություններ։
Ցուցահանդեսին «Դերժավա գրուպ» ընկերությունն առանձին տաղավարներով հանդես եկավ իր երկու ապրանքանիշով՝ «Հոմլենդ» և «Կլեոպատրա»։
Միջոցառման մասնակիցները ծանոթացան «Կլեոպատրա» ապրանքանիշին, որն առաջարկում է հայկական արտադրության անձեռոցիկների, թղթե սրբիչների, հիգիենայի այլ պարագաների լայն տեսականի:
«Դերժավա» ընկերությունների խմբի մարկետինգի բաժնի ղեկավար Լուսինե Սաթամյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Կլեոպատրա» ապրանքանիշը երկար տարիներ առաջատար դիրք ունի հայկական շուկայում, սակայն նմանատիպ ցուցահանդեսի, որը նախատեսված է հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի մատակարարմանն ու սպասարկմանը, առաջին անգամ է մասնակցում։ «Կարծում եմ, որ լավ հնարավորություն է HoReCa սեգմենտում նոր գործընկերներ ներգրավելու համար»,- ասաց նա։
Լուսինե Սաթամյանը միաժամանակ նկատեց, որ սա կարող է նաև նախապայման լինել միջազգային հարթակ դուրս գալու համար։ Ի դեպ, ըստ նրա, «HORECA Magazine»-ում «Կլեոպատրա»-ն ունի առանձին էջ, որտեղ ներկայացվում է ընկերության գործունեությունը, բրենդի տեսականին, նորությունները, որոնք պարբերաբար թարմացվում են։
Մարկետինգի բաժնի ղեկավարն ասաց, որ ընկերությունը պատրաստում է հյուրանոցների և ռեստորանների բրենդով անձեռոցիկներ։Այստեղ ցուցադրվում էր հենց HoReCa սեգմենտի համար նախատեսված թաց և չոր անձեռոցիկներ, սրբիչներ, հիգիենայի պարագաներ։
«Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է տալիս նախ ռիթմից հետ չմնալ և քայլել շուկայի տենդենցներին համապատասխան։ Մարդիկ, որոնք տարիներ շարունակ օգտագործել են «Կլեոպատրա» արտադրանքը, հնարավորություն ունեն ծանոթանալ նաև ներկայացված նոր արտադրանքի հետ։ Մենք անընդհատ աշխատում ենք նոր տեսականիով, նոր դիզայնով ներկայանալ, որպեսզի չձանձրացնենք մեր սպառողին»,- ասաց Լուսինե Սաթամյանը։
Նրանք նաև այցելուների համար պաստրաստել էին փոքրիկ նվերներ, որոնք ևս մեկ անգամ հնարավորություն են տալիս ծանոթանալ ընկերության արտադրանքին։
Մարկետինգի բաժնի ղեկավարը տեղեկացրեց, որ այս պահին «Կլեոպատրա»-ի արտադրանքն արտահանվում է երկու երկիր։ «Կարծում եմ, որ սա ևս կարևոր հարթակ է նոր գործընկերներ ձեռք բերելու և արտահանման շուկաներն ընդլայնելու համար»,- ընդգծեց նա։
«Կլեոպատրա» ընկերության վաճառքի տնօրեն Կարեն Ստեփանյանը կարևորեց նման ցուցահանդեսների անցկացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս անմիջապես սպառողին ներկայացնել հայկական արտադրանքը, նորություններն ու կատարված փոփոխությունները, ինչպես նաև ընձեռնում է արդյունավետ համագործակցություն։
«Այս ցուցահանդեսին ներկայացնում ենք որակյալ և մրցունակ տեսականիով։ Մեր սպառողին միշտ փորձում ենք մատակարարել բարձր որակի և մրցունակ գներով ապրանքներ, դրա համար ջանք ու եռանդ չենք խնայում»,- ասաց Կարեն Ստեփանյանը՝ հավելելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում «Կլեոպատրա»-ի դիզայնը փոխվել է և առաջիկայում նախատեսում են հանդես գալ այլ նորություններով։
«Rest-hotel HoReCa Expo- 2022»-ի զարգացման գծով տնօրեն Էլինա Սեյրանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում հյուրանոցառեստորանային բիզնեսի զարգացմանը նվիրված Եվրասիական ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 60 ընկերություններ։ Մասնակցում են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ներկայացուցիչներ։ Ակնկալում են, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 400 այցելու։
««HoReCa Expo»-ն հնարավորություն է տալիս ընկերություններին ընդլայնվել, գտնել նոր կապեր, համագործակցել, բանակցություններ վարել իրենց բիզնեսը զարգացնելու համար։ Սա հայկական ընկերությունների համար իդեալական հարթակ է ոչ միայն կապերի ընդլայման, այլև հենց Հայաստանի տարածքում իրենց բիզնեսն ամրապնդելու համար»,- ասաց նա։
Ցուցահանդեսի 6 բաժիններում ներկայացված են արտադրողներ և ներմուծողներ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, մսամթերքի, կաթնամթերքի, ծովամթերքի, կահույքի և հյուրանոցային սարքավորումների, խոհանոցային պարագաների, ինչպես նաև բիզնեսի կառավարման թվային տեխնոլոգիաների և ծրագրային ապահովումների ոլորտից։
Տեղեկացնենք, որ «Կլեոպատրա» ընկերությունը «Rest-hotel HoReCa Expo- 2022» Եվրասիական ցուցահանդեսին մասնակցելու համար արժանացավ հավաստագրի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին