Սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը սպասվում է աշխարհի շուրջ 60 երկրի պատվիրակությունների մասնակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել սամբոյի և գեղասահքի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Օհանյանի և Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահի՝ իրավաբանական հարցերով խորհրդատու Արթուր Մելիքյանի հետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկել է Երևանում հոկտեմբերի 13-ից 17-ն անցկացվող սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանն առնչվող հարցերը:
Այս տարվա աշնանը կայանալիք առաջնությանը սպասվում է աշխարհի շուրջ 60 երկրի պատվիրակությունների մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 2.000 մարդ:
Արթուր Մելիքյանի խոսքով՝ Հայաստանի թեկնածությունը որպես ընդունող երկիր քննարկելիս հաշվի է առնվել նախևառաջ անվտանգության ապահովման հնարավորությունը. «Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 5 հայտ, բայց նախապատվությունը տրվել է Հայաստանին, քանի որ հասկանալի է՝ Հայաստանը բարեկամական երկիր է ու այստեղ բացառված են լինելու սադրանքներն ու բացասական գործողությունները տարբեր երկրների ներկայացուցիչների հանդեպ: Հայաստանը նաև շատ հյուրընկալ և գեղեցիկ երկիր է: Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է ընթանալու»»,- ասվում է հաղորդագրությունում: