Սինգապուրի վարչապետը մտահոգված է պարենի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակի կապակցությամբ
Պարենի համաշխարհային շուկայում իրավիճակը մտահոգիչ է, թեև նման զարգացում սպասելի էր։ Ինչպես գրումէ ՏԱՍՍ-ը, այդ մասին Սինգապուրի լրագրողներին տված հարցազրույցում ասել է հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունը՝ Ռուանդայում Համագործակցության (Ազգերի բրիտանական նախկին համագործակցություն) պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումից հետո։
«Շատ երկրներ ճնշման տակ են, նրանք ստիպված են փակել իրենց շուկաները, թեև դա հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին»,-երկուշաբթի վարչապետի խոսքերը մեջբերել է CNA հեռուստաալիքը։ Սինգապուրը, նրա խոսքով, «անհանգստացած է այս իրավիճակով, թեև դա սպասելի էր»: «Սա մեզ համար խնդիր է, քանի որ մենք սննդամթերք ենք ներմուծում, որն արդեն հիմնահարց էր դարձել, երբ սկսվեց կորոնավիրուսային համաճարակը»,-ասաց Լի Սյեն Լունը:
Նա մտահոգություն է հայտնել երկիր բանջարեղենի և թռչնամսի մատակարարման խափանումների առնչությամբ։ «Կառավարությունը սկսել է ընդլայնել սննդամթերքի մատակարարումները և աշխատանքներ է տանում ներմուծման դիվերսիֆիկացման ուղղությամբ»,-ասել է վարչապետը։
Մալայզիայի իշխանությունները, որը Սինգապուրին հավի մսի հիմնական մատակարարն է, մայիսի վերջին հայտարարեցին այդ տեսակի արտադրանքի արտահանման արգելքի մասին։ Ինչպես պարզաբանել են Կուալա Լումպուրում, դա պայմանավորված է ներքին շուկայում գների կարգավորման անհրաժեշտությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացիները սկսել են խուճապի մատնվել և զանգվածաբար դիմել պարենային օգնության համար
- Պարենի համաշխարհային գները մարտին հասել են վերջին 32 տարվա ամենաբարձր մակարդակին
- Կլիմայական ճգնաժամից առաջացող սովը զգուշացում է պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ
- Բելգիայից Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաներ
- Պարենի համաշխարհային գները բարձրացել են
- Պարենային իրավունքի մասնագետ. Կառավարությունը պետք է գնահատի պարենի պաշարներն ու լրացուցիչ ռեզերվներ ստեղծի