Սոնա Մնացականյանի վրաերթի քրգործով ընթանում է կողմնակալ քննություն՝ պայմանավորված վարորդի անձով. Րաֆֆի Ասլանյան
«Քրեական հետապնդման մարմինները, կոնկրետ դեպքում քննություն իրականացնող մարմինը, ակնհայտորեն կարևորում է այն, որ վարորդը Նիկոլ Փաշինյանին ուղեկցող շարասյան վարորդ է, նրա անձը նպաստել է, որպեսզի քրեական գործն այսպիսի ընթացք ստանա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհված հղի Սոնա Մնացականյանի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նա ընդգծեց, որ քննությունն իրականացվեց ակնհայտ կողմնակալ՝ հաշվի առնելով, որ վրաերթի հեղինակը Փաշինյանին ուղեցող ավտոշարասյան վարորդն է։
«Ակնհայտորեն, քաղաքական ենթատեքստ ունի։ Տուժողի իրավահաջորդը որքան էլ փորձեց զերծ պահել քրեական գործը քաղաքականացումից, բայց վարույթն իրականացնող մարմինն ու իրավապահ մարմինները գործը քաղաքականացրեցին իրենց դատավարական վարքագծով»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ հուսադրող ոչինչ չկա, բայց դա չի նշանակում, որ տուժող կողմը չի պայքարելու մինչև վերջ։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ Ն. Փաշինյանին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի կողմից բերված բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։
Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ դատախազությունը կարող է վճռաբեկ բողոք ներկայացրել, սակայն վճռաբեկ ատյանն այս պահին առարկայազուրկ է, որովհետև ամիսների ընթացքում է հարցին լուծում տալիս, օրենսդրական կարգավորումն այնպիսին է, որ վճռաբեկ դատարանից հույսեր փայփայելն անիմաստ է։
Նա դժվարացավ ասել, թե ինչ հիմքով է դատարանը մերժել դատախազի բողոքը, որոշումը դեռ չկա։
«Տուժող Սոնա Մնացականյանի հայրն էլ է մասնակցել դատական նիստին, իր փաստարկներն է բերել, միացել է դատախազի բողոքին, պնդել և խնդրել է, որպեսզի աղջկա և թոռի մահվան պատճառ հանդիսացած վարորդը կալանավորվի, ներկայացրել է առարկայական պատճառներ դրա համար, բայց, այնուհանդերձ, վարորդը չի կալանավորվել»,- ասաց Ր. Ասլանյանը։
Նա նաև հայտնեց, որ տվյալ դատական նիստի շրջանակներում ապացույցների ոչնչացման մասին տեղեկատվություն է ի հայտ եկել, որն այս պահին դեռևս նախաքննության գաղտնիք է, դրա մասին հետագայում կխոսեն։
Փաստաբանն ասաց, որ քննության արդյունքներով նոր հանգամանքներ էլ են հասնելի դարձել, բայց նույնպես դեռ հրապարակման ենթակա չեն։
Ըստ նրա, եթե այլ վարորդի մասնակցությամբ նման դեպք լիներ, գուցե իրավապահ մարմիններն ավելի օբյեկտիվ գտնվեին։
Ր. Ասլանյանը տեղյակ չէ՝ ՃՈ ավտոմեքենայի վարորդի լիազորությունները կասեցված են, թե ոչ։ Այդ հանգամանքը, ըստ նրա, էական չէ, բաց քանի դեռ կալանքի տակ չէ, նաև դատախազն ու տուժողի իրավահաջորդն են ասել դատական նիստին, ազատության մեջ գտնվելու պայմաններում բացի թաքնվելուց, նաև խոչընդոտելու է քրեական գործի նախաքննության ընթացքին, քանի որ հարցաքննվող վկաները նրա ենթականերն են. «Կան հանգամանքներ, որոնց վրա, ազատության մեջ լինելու պայմաններում, կարող է ազդել։ Տվյալ դատավարության ընթացքում հայտնի դարձած ապացույցի կորուստն առերևույթ տպավորություն է ստեղծում, որ դա ևս մեղադրյալի ազատության մեջ գտնելու արդյունք է»։
«Քրեական գործով ընթանում է ակնհայտ կողմնակալ քննություն, ինչը պայմանավորված է վարորդի անձով, դեպքի հանգամանքերով, ընդհանուր առմամբ դեպքի շրջանակով։
Մենք ձգտելու ենք արդար դատաքննության, բայց այս պահին հիմքեր չենք տեսնում։ Վստահ եմ, գործի չի կարճվի, քրեական գործը դատարանը կուղարկվի, բայց ամեն ինչ արվում է, որպեսզի կոնկրետ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհված հղի Սոնա Մնացականյանի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ վրաերթը տեղի էր ունեցել ապրիլի 26-ին։ Վրաերթի հետևանքով մահացած հղի կինը՝ Սոնա Մնացականյանը, դեպքի պահին անցնելիս է եղել հետիոտնային անցումով։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Նա ձերբակալվել էր, այնուհետև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Պետպատվերի շրջանակում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեղավորների անպատժելիությունն ապահովելու համար
- Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան.Րաֆֆի Ասլանյան
- Դատախազությունը պահանջում է քննել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայրը լքելու դրվագը
- Ահա թե ով էր Սոնան. Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի հետևանքով մահացած կնոջ ամուսնու նոր գրառումը
- Աշոտ Վարդանյան. Սոնա, իմ Սոնա. Նա աշխարհի ամենագեղեցիկ ժպիտն ուներ
- Վհուկները հայելի են գտել
- Տարածվել են Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի կադրերը
- Մեր գյուղի հպարտությունն էր Սոնան. Ո՞վ է Փաշինյանի շարասյան մեքենայի կողմից վրաերթի հետևանքով մահացած կինը
- Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ մարդիկ մոմ ու փափուկ խաղալիք են դնում մահացած մայրիկի ու չծնված փոքրիկի համար
- Լեո-Պարոնյան խաչմերուկում կնոջը վրաերթի ենթարկելու համար ՃՈ սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է
- Շտապօգնության տնօրենը հաստատում է. Լեո-Պարոնյան խաչմերուկից քաղաքացի են տեղափոխել հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան