Փաշինյանի դեմ բողոքը քննող դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ բողոքաբեր կողմը նախագահող դատավոր Կարեն Բիշարյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին կանխակալության հիմքով։
Միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։ Նրան միացավ նաև Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ դատավորի կանխակալ մոտեցումն արտահայտվում է նաև այն փաստով, որ տուժող համարվող հազարավոր զոհվածների հարազատները որևէ կերպ չներգրավվեցին գործընթացքում ոչ որպես շահագրգիռ կողմ, ոչ որպես տուժող։
Դատախազներ Արմեն Մուրադյանը և Արշակ Մարտիրոսյանն առարկեցին՝ նշելով, որ միջնորդությունը ենթակա է մերժման։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելուց։
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժվում է։
Դատավորը հայտարարեց բողոքի քննության ավարտի մասին և դատարանը որոշում կայացնելու համար հեռանում է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 17։30-ին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիս ամսին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել։ Բողոքաբերները գտնում են, որ դատախազությունն անգործություն է ցուցաբերել՝ այս հաղորդման հիման վրա Փաշինյանի հանդեպ դավաճանության հատկանիշներով քրեական գործ չհարուցելով, այլ հաղորդումը բաժանելով երկու մասի և կցելով այլ գործերի։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, գտել է, որ դատախազությունը անգործություն չի ցուցաբերել․ այս որոշումն էլ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիորսյանը վիճարկել են Վերաքննիչ դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- Արա, փոշին դու ես, թուրքն էլ. Վիճաբանություն՝ Փաշինյանի դեմ բողոքի քննությունից հետո
- Փաշինյանի դեմ բողոքի քննությանը դատավորը սանկցիա կիրառեց փաստաբանի նկատմամբ
- Քննվում է Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը
- Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու բողոքը կրկին կքննվի դռնբաց
- Նիստը դռնփակ անելը մեկ նպատակ է հետապնդում՝ հանրությանը զրկել պետական դավաճանության փաստերից տեղյակ լինելուց. Փաստաբան
- Փաշինյանի պատասխաններում առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր կային. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին