Արմեն Պետրոսյան. «Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
««Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը
Հունիսի 27-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին հանդիպումը, որի ավարտին ԱԳ նախարարների կողմից ստորագրվել է Բաքվի հռչակագիրը՝ տրանսպորտային, էներգետիկ, լոգիստիկ ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու վերաբերյալ:
Ըստ էության ստեղծվող նոր ձևաչափը, որը կարող է նաև ընդլայնման միտումներ դրսևորել, բազմավեկտոր նշանակություն ունի։ Առաջին հերթին ընդունված հռչակագիրը հերթական անգամ ամրագրում է տարածաշրջանային բազմաբնույթ հանգույցի վերածվելու Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի հայտնի նպատակները։
Մյուս կողմից, հատկապես Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի ներուժի ավելացման նպատակի շեշտադրմամբ թուրք-ադրբեջանական կողմերը նշված և նմանաբովանդակ այլ ձևաչափերը փորձելու են օգտագործել այս պահին իրենց օրակարգում եղած ամենակարևոր ռազմավարական խնդրի՝ Հայաստանի տարածքով ճանապարհի կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման ուղղությամբ։ Ընդ որում, նման գործելաոճը կիրառվելու է նշված ճանապարհը բացառապես «միջանցքային տրամաբանությամբ» ստանալու նպատակով, իսկ այլ դերակատարների ներգրավման եղանակը երկրորդական հարթությունում կիրառվելու է որպես Երևանին խրախուսելու/ճնշելու հավելյալ միջոց։
Հարկ է նշել, որ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին արդեն իսկ ակնարկել են «Զանգեզուրի միջանցքի» համակողմանի կարևորության մասին։
Վերոնշյալի համատեքստում պարզ է դառնում, որ Բաքուն Անկարայի հետ սերտ համագործակցությամբ մանևրի նոր միջոցներ է ստեղծում՝ հիմնական շահագրգիռ դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի, արևմտյան որոշ երկրների դիրքորոշումների վրա ազդելու հեռանկարով։
Ընդ որում, նման մարտավարությունը երկակի նպատակ ունի։ Եթե չհաջողի դիվանագիտական-քաղաքական եղանակով «միջանցքի» ծրագրի իրականացմանը, ապա ադրբեջանական կողմը, գործիքակազմում պահելով խնդրի լուծման ռազմական տարբերակը ևս, խնդիրը մշտապես օրակարգում պահելով, թեմատիկ անընդհատ հայտարարություններով ձգտում է որոշակի լեգիտիմության ֆոն ստեղծել ցանկացած եղանակով դրա իրականացման համար։
Իսկ նման սցենարը չի կարելի բացառել հատկապես ուկրաինական ճգնաժամի առավել խորացման դեպքում»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը ստիպված է լինելու պատասխանել շատ պարզ հարցերի․ Արմեն Պետրոսյան
- Հարևան վրացիների «բարիդրացիականության» հերթական պոռթկումը. Արմեն Պետրոսյան
- Իրանի դեմ Ալիևի անզիջում հռետորաբանության «ոգեշնչման աղբյուրը» մեծ եղբայրն է՝ Էրդողանը. Արմեն Պետրոսյան
- Արմեն Պետրոսյան. Բաքուն կարողացավ Թեհրանից առնվազն նման ուղերձ կորզել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում