ՔՊ-ականները զոհված զինծառայող Գևորգ Արշակյանի մայրիկին չընտրեցին
Ազգային ժողովն այսօր շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները:
Լիպարիտ Մելիքջանյանը, Գևորգ Գյոզալյանը և Արթուր Դավթյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի և Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը։ Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր, Լիզա Գրիգորյանի ու Կարեն Թումանյանի՝ 0։
Երկրորդ պաշտոնի համար Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել էր Լուսինե Ավագյանի , Գևորգ Գյոզալյանի և Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները:
Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Գևորգ Գյոզալյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, Լուսինե Ավագյանի, Վահե Ռաֆայելյանի՝ 0։
Երրորդ պաշտոնի համար Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի և Աղասի Մկոյանի թեկնածությունները:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը։ Արթուր Դավթյանին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, Նաիրա Հովսեփյանի և Աղասի Մկոյանի՝ 0։
Հիշեցնենք, որ Նաիրա Հովսեփյանը 1996 թվականից առ այսօր աշխատում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում որպես դատավոր։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր Գևորգ Արշակյանի մայրն է։ Երեկ նա իր ելույթում ներկայացրել էր, թե ինչու է դիմել հենց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի դատավորի պաշտոնի համար։
«Ուզում եմ՝ մեր երկիրն ազատվի կոռուպցիայից։ Կոռուպցիան հրեշ է, ախտ է։ Կոռուպցիա բառը լատիներեն նշանակում է փչացած, այլասերված։
Պատերազմի պարտության պատճառը կոռուպցիան էր։ Իմ կյանքի իմաստը ես տեսնում եմ այն հայրենիքի զարգացման մեջ, որ երազել է իմ որդին, որի համար կյանքն են տվել որդիս ու նրա ընկերները։ Դրա համար ես դիմել եմ, որպեսզի դառնամ այդ դատարանի դատավոր։…
«Բացի այդ՝ մարդիկ հավատում են ինձ։ Ինձ հավատում են մայրերը, ինձ հավատում են զինվորները, մեր տղաների ընտանիքները, ինձանից նաև իմ որդին է պահանջում, որ ես այդ բարդ ու ծանր աշխատանքը պիտի կատարեմ ու ապրեմ այն հայրենիքում, որը երազում էր իմ որդին»։
Նշենք, որ ընտրված թեկնածուներից Գևորգ Գյոզալյանը փաստաբան է, Նիկոլ Փաշինյանի շահերն է պաշտպանել դատարանում, իսկ Արթուր Դավթյանը ՔՊ-ական պատգամավոր էր, ով մանդատից հրաժարվել է երեկ է։ Լիպարիտ Մելիքջանյանը ԲԴԽ անդամ է։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ պատգամավորները 9 թեկնածուից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի 3 դատավորներ են ընտրում
- ՔՊ-ական պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել
- ՔՊ պատգամավորները միայն երրորդ փորձից կարողացան ապահովել քվորում ԱԺ արտահերթ նիստ սկսելու համար