Հայաստանի պատմության և մշակույթի հուշարձանները՝ «Associated press»-ում
«Associated press» միջազգային լրատվական կայքը ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվական աջակցությամբ անդրադարձել է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձաններին:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, միջազգային լրատվական կայքը հատկապես կարևորել է պետություն-մասնավոր համագործակցությամբ ներկայում վերականգնողական աշխատանքների ընթացքում գտնվող, ինչպես նաև ընթացիկ տարում վերականգնման ենթակա եկեղեցիները:
ԿԳՄՍ նախարարության մասնագետների հետ քննարկման արդյունքում ընտրվել են 2 հուշարձան՝ ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան և Երնջատապ գյուղերի միջակայքում գտնվող Աստվածընկալ եկեղեցին (երկրորդ տարին է՝ ընթանում են վերականգնման աշխատանքներ) և Թալին քաղաքի վաղմիջնադարյան Կաթողիկե տաճարը (կվերականգնվի բարերարի աջակցությամբ):
Նկարահանումներն իրականացվել են վերոնշյալ եկեղեցիներում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանի (լիազոր մարմնի պատասխանատու) և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանի (Թալինի Կաթողիկե եկեղեցու վերականգնման նախագծի հեղինակ) ուղեկցությամբ:
«Associated press» միջազգային լրատվականի նպատակն է ոչ միայն լուսաբանել հայկական եկեղեցիների վերականգնողական աշխատանքները, այլև հանրահռչակել դրանք և բարերարների ուշադրությունը հրավիրել հայկական միջնադարյան գոհարների վերականգնմանը: