Արցախ. Նորահայտ խաչքար
Օրերս «Կոշիկ անապատ» վանք այցելության ընթացքում ի հայտ է բերվել խաչքար՝ արձանագրությամբ, որը կարելի է դիտել որպես նորահայտ, քանզի այն հաշվառված ու գրանցված չէ պետական ցուցակներում և ներկայացված չէ հեղինակ-տեղագրողների գրվածքներում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։
Հուշարձանը կերտված է դարչնագույն-վարդագույն քարից (չափերը՝ 82×46սմ): Խաչքարի կենտրոնական մասում մեծադիր գեղազարդ խաչի բարձրաքանդակն է՝ շուրջը բուսական հյուսկեն-մանվածո նախշազարդերով ու այլ դրվագազարդումներով: Այն ուշագրավ է կցագիր արձանագրությամբ՝ զետեղված հուշակոթողի թիկունքին, ըստ որի Հասանի մանկանց (որդիների) որդի Գրիգորը կանգնեցրել է իր այս խաչը՝ ի փրկություն իր հոգու Հեղինեի օրերում (ժամանակներում):
«Ես Գերգոր որդի Հասանա մանկաց որդո կանգնեցի զխաչս ի փրկութի հոգո իմո յավուրս Հեղին յաղաւթս յիշեք Թիւն ՉԻԲ (1273)»։
Ծանոթություն. Հայտնի է, որ Հեղինեն Արցախում դիտվում է որպես սուրբ: Քրիստոնեության մեջ հայտնի է նաև Հեղինե թագուհին. Սրբուհի, մայր մեծն Կոստանդիանոսի, որին վերագրվում է խաչի գյուտը (327թ.): Եվ ամենակարևորը տվյալ պարագայում. «Հեղինէ տիկին Հայոց Մեծաց, աղուանից ազգից, կին Գրիգոր իշխանի Մամիկոնյան….՛՛:
Կոշիկ անապատը Արցախի Խաղբակյան իշխանների գլխավոր հոգևոր կենտրոնատեղիներից էր, որի մասին առկա են մի շարք ստույգ պատմական տվյալներ: Իսկ Խաղբակյանները սերվում են Մամիկոնյաններից, դիտվում նրանց շառավիղներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին