Գոնե նախատոնական օրերին վարորդներն իրենց երազներում հոծ գիծ չտեսնեն. Նաիրա Զոհրաբյան
Ճանապարհային երթևեկության խախտումներին վերաբերող կառավարության գրեթե հեղափոխական մոտեցումը խորհրդարանում շատ պատգամավորների հավանությանն է արժանացել: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ողջունելի է համարում նոր մոտեցումը, որի համաձայն շատ դեպքերում վարորդներին զիջումներ են արվում:
«Ողջունում ենք, որ խնդիրը, որը ուղղակիորեն կաթվածի էր հասցնում հարյուր հազարավոր վարորդների, լուծվում է: Մարդիկ արդեն երազում հոծ գիծ էին տեսնում: Կարմիր գծանշումներ, արագաչափ ու հոծ գիծ: Ոչ մի բան այնքան ջանադիր չէր արվում, ինչպես առավոտները տեսնում էինք, թե ինչքան ջանադրությամբ էին թարմացնում հոծ գծերը, որովհետև ամեն հոծ գծի հետ մեկ միլիմետրանոց կանտակտը անվադողի 5000 դրամ էր»,-ճանապարհային երթևեկության խախտումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորն ասաց, որ իրենք բավարարված չեն առաջարկվող փոփոխություններով և առաջարկելու են էլի նվազեցնել տուգանքների չափը: Զոհրաբյանն ասաց, որ հաջորդ նստաշրջանում իրենք նախագիծ կներկայացնեն, որով առաջարկելու են ավելի ցածրացնել ճանապարհային խախտումների համար առաջարկվող տուգանքները:
«Հույս ունեմ, որ մեր վարորդները գոնե նախատոնական օրերին իրենց երազներում հոծ գիծ չեն տեսնի», -հայտարարեց Զոհրաբյանը:
Նշենք, որ ըստ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների, երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների, արտաքին լուսարձակների պահանջները չկատարելու, խաչմերուկների հատման կանոնները չպահպանելու կամ ոչ սահմանված կետում կանգառ կատարելու համար հնարավորություն է տրվելու վարորդին, որ կիրառվի ոչ թե տուգանք, այլ նախազգուշացում:
Բացի այդ, նոր փոփոխություններով, կատարված խախտումների տեսանյութերը կդրվեն համապատասխան կայքում, և վարորդները կտեսնեն դրանք: Ու խախտումը կրկնելու դեպքում` կտուգանվեն: Առաջին անգամից չեն տուգանվի նաև վարորդական վկայականը մոռացած, տեխզննման կտրոնը մեքենայի դիմապակուն չփակցրած վարորդները: Վարորդին հնարավորություն և ժամանակ կտրվի դրանք շտկելու: Վկայականը մոռացած վարորդին 24 ժամ ժամանակ կտան այն ներկայացնելու: Ինչ վերաբերում է մգեցված ապակիներին, ապա դրա համար տուգանքը, որը մինչ այս 50 հազար դրամ էր, իջեցվել է` դառնալով 30 հազար: Եթե, օրինակ, վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում և մեկ-երկու անգամ տուգանվում է, ապա նույն խախտումը կատարելու դեպքում ժամանակավորապես, նույնիսկ, զրկվում վարորդական վկայականից, ապա առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է այդ բոլոր պատիժներից հետո մինչև մեկ տարի ազատազրկում, եթե կրկին ոչ սթափ վիճակում մեքենա կվարի: Չսահմանված վայրերում կարճ ժամկետով կանգառ կատարելու դեպքում ներկայում վարորդները տուգանվում են: Փոփոխությամբ նախատեսվում է, որ եթե դա մեկ րոպեից ավելի չի տևել, վարորդը չի տուգանվելու:
Նաիրա Զոհրաբյանը սակայն, գոհ չէր, որ չի ընդունվել ոչ սթափ վիճակում մեքենա վարողների վերաբերյալ իրենց առաջարկությունը, որն ավելի խիստ էր, քան առաջարկվում է:
«Մենք տիրապետում ենք վիճակագրությանը, թե ովքեր են և որ արտոնյալների արտոնյալ զավակներն են ոչ սթափ վիճակում մեքենա վարում ու խախտումներ կատարում», -հայտարարեց Զոհրաբյանը` տեղեկացնելով, որ «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ կքվեարկի առաջարկվող փոփոխություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան