Կկայանա Աշոտ Անաստասյանի ծննդյան օրվան նվիրված արագ շախմատի մրցաշար
Հուլիսի 10-ին, ժամը՝ 12։00-ին Տ․ Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա Աշոտ Անաստասյանի ծննդյան օրվան նվիրված արագ շախմատի մրցաշար՝ 10+5 ժամակարգով, 7 խաղափուլով։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցանակային ֆոնդը կազմում է՝ 1 000 000 դրամ։ Մրցաշարին մասնակցության իրավունք ունեն միայն միջազգային վարպետները (IM) և գրոսմայստերները (GM)։
Մասնակցել ցանկացող շախմատիստները պետք է գրանցվեն մինչև հուլիսի 8-ը շախմատի տանը։
Շախմատիստ, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը ծնվել է 1964 թ. հուլիսի 16-ին։ 1997, 2001 և 2005 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր (իսկ 1993 թվականին պահեստային խաղատախտակի վրա դարձել է անհատական բրոնզե մեդալակիր), 1992 և 2002 թվականներին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 1999 թվականին Եվրոպայի չեմպիոն (լավագույն արդյունքը 3-րդ խաղատախտակի վրա, լավագույնը պահեստային խաղատախտակի վրա 1997 թվականի առաջնությունում, 3-րդը պահեստային խաղատախտակի վրա 2005 թվականի առաջնությունում)։ 1995 թվականին Անաստասյանը «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային գավաթակիր։
2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն։ Հավաքականը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին։
Աշոտ Անաստասյանը մահացել է 2016 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին