«Ժողովուրդ». Ինքնագլորները կամ, նույն ինքը, սամակատները պատուհաս են դարձել քաղաքացիների գլխին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հավելվածով աշխատող վճարովի ինքնագլորները՝ սամակատները, իսկական պատուհաս են դարձել քաղաքացիների գլխին: Թեև ինքնագլորները Երևան են հասել դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, բայց արդեն հասցրել են զայրույթ առաջացնել քաղաքացիների մոտ. երևանյան փողոցներում այսօր անհնար է հանգիստ քայլել, զբոսնել, քանի որ յուրաքանչյուր պահի կարող է մեկը ինքնագլորով ձեզ վրաերթի ենթարկել:
Օրինակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը խիստ մտահոգիչ վիճակագրություն է ներկայացրել՝ նշելով, որ էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց միայն վերջին 3 ամսվա ընթացքում, դրանից հետո, սակայն, որևէ մեկը պատասխանատվության չի կանչվում. երևույթը որևէ կառույցի կողմից վերահսկելի չէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել՝ արդյոք նախատեսվում է առաջիկայում քաղաքում ուղիներ նախատեսել ինքնագլորների համար:
Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից փոխանցեցին. «Քաղաքապետարանը ինքնագլորների ներկրման հետ որևէ առնչություն չի ունեցել, դա արվել է մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ, հետևաբար ոլորտի հետ կապված բոլոր կարգավորումները, հարցերը ձեզ պետք է տա պարեկային ծառայությունը կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը»: Ոստիկանությունից այս խնդրի հետ կապված կարճ պատասխանեցին. «Նման նախաձեռնություն լինի, հանրային քննարկման կդրվի»:
Պարզվում է՝ ինքնագլորները ինչ-որ մարդիկ անհասկանալի չափորոշիչներով ներկրել են, ապօրինի չկարգավորված դաշտում աշխատում են, բիզնեսը զարգանում է, սակայն վերահսկողություն չկա: Քաղաքային իշխանությունն անկարող է և պատասխանատվություն չի դրսևորում, ոստիկանությունը չի գործում, և հնարավոր է, որ ինքնագլորի վարորդը վրաերթի ենթարկի մարդուն, բայց տրանսպորտային միջոց չհամարվի, մնա անպատիժ: Քաղաքակիրթ այլ երկրներում ինքնագլորների, հեծանիվների համար նախատեսված հատուկ ճանապարհահատվածներ կան, դրանք գործի դնելուց առաջ պատասխանատու ընկերությունը լիցենզիա է ստանում և գործում է խիստ վերահսկելի դաշտում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին