«Հրապարակ». Ոչ միայն ցուցարարին խեղդող կարմիր բերետավորի գործողությունը չի դատապարտվել, այլև նրա պաշտոնն է բարձրացվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դիմադրության շարժման ընթացքում հանրահավաքների և երթերի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկաններին պատժելու պահանջներին ընդառաջ, դատախազությունը հաղորդագրություններ տարածեց, թե նյութեր են նախապատրաստվում, քրեական գործեր են հարուցվելու, բոլոր դեպքերը քննության են առնվելու։
Անգամ եվրոպական երկրների դեսպաններն ու Անդրեա Վիկտորինը հայտարարեցին, թե հորդորել են իշխանություններին՝ բոլոր այդ դեպքերը քննության առնել և պատժել մարդկանց՝ հավաքներ անելու սահմանադրական իրավունքին խոչընդոտող ոստիկաններին։
Այդ դեպքերից մեկը շատ մեծ աղմուկ առաջացրեց. խոսքն այն մասին է, երբ կարմիր բերետավորը երկու ձեռքով խեղդում էր ցուցարարին։ Կադրում հստակ երևում է, թե ով է խեղդողը, և ինչպես է երկու մատով փորձում շնչահեղձ անել իր զոհին։ Մինչ հասարակությունը սպասում է, որ բռնարար ոստիկանները կպատժվեն, իսկ այդ ցանկում առաջին տեղում պետք է լիներ հենց այս կարմիր բերետավորը, մենք տեղեկացանք, որ կոնկրետ այս դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է։
Ոչ միայն քրգործն է փակվել, այլև խեղդելու այդ տեսարանից հետո Արթուր անունով կարմիր բերետավորի պաշտոնը բարձրացրել են. նրան դարձրել են դասակի հրամանատար՝ որպես իշխանություններին լավ ծառայած ոստիկան և որպես օրինակ մյուս ոստիկանների համար։ Եվ նա իր ենթակայությամբ ծառայող ոստիկաններին սովորեցնում է, որ իր նման ծառայեն իշխանություններին։ Այնպես որ, պատրաստ եղեք՝ հաջորդ հանրահավաքներին խեղդող ոստիկանների քանակը կրկնակի ավելանալու է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան