Լույս է տեսել Եղիշե Չարենցի առաջին իտալերեն կենսագրությունը
Իտալիայում նույնպես նշվում է Չարենցի տարեդարձը: Պիոմբինոյում կներկայացվի բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը, իսկ նրա պատվին կտավը կցուցադրվի «Պիոմբինոն արվեստում» փառատոնին: Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Եղիշե Չարենցի ծնունդից 125 տարի անց Իտալիայում լույս է տեսել հայ մեծ բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը, որը գրվել է լրագրող և գրող Լետիցիա Լեոնարդիի, հրատարակվել Lettere պատմական և հեղինակավոր հրատարակչության կողմից։ Նախաբանը իտալացի դերասան և ռեժիսոր Կառլո Վերդոնեինն է, ում հայրը՝ ճանաչված գրականագետ, էսսեիստ և ակադեմիկոս Մարիո Վերդոնեն, տարիներ առաջ առաջինն էր, ով Չարենցի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանեց իտալերեն և ներկայացրեց իտալացի ընթերցողին։
Բացի այդ, իտալացի գեղանկարիչ Մաուրիցիո Կարուզոն մեծ բանաստեղծի պատվին ստեղծել է մի կտավ, որը «Պիոմբինոն արվեստում» փառատոնի միջոցառումների շրջանակներում՝ հուլիսի 19-ից 30-ը կցուցադրվի Պիոմբինոյում՝ Պալացցո Ապիանիում «Արգելված Գույներ» գեղանկարչության և գծանկարչության ցուցահանդեսում։
«Լետիցիա Լեոնարդիի «Եղիշե Չարենց. մի բանաստեղծի անհանգիստ կյանքը» գիրքը հնարավորություն է տալիս վերապրելու հայ գրականության այս հանճարեղ ներկայացուցչի կյանքը, ում ստեղծագործությունները հմայում են իտալական հանրությանը։ Խորհրդային կարգերի ողբերգական շրջանում զոհ գնացած ամենանշանակալից դեմքերից մեկի իտալերեն առաջին կենսագրությունը ներկայացնում է մարդուն և բանաստեղծին՝ նամակների, հիշողությունների, վկայությունների և հետաքրքիր դրվագների միջոցով, որոնք ընդգծում են նրա փխրունությունը, բայց նաև խիզախությունն ու անհանգիստ կյանքի գորշ հատվածները։
Մահվանից ավելի քան 80 տարի անց Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը, ինչպես ինքն է մարգարեաբար գրել, հետզհետե աճող հետաքրքրություն են հարուցում նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և նաև Իտալիայում։ Մահվանից տևական ժամանակ անց նրա կերպարի և ստեղծագործությունների շուրջ քննադատական ուսումնասիրությունների շարունակական աճը վկայում է նրա ստեղծագործական որակի և ժամանակակիցների հարգանքի մասին:
«Ուգո Ֆոսկոլոյի բանաստեղծական արվեստի և Էդգար Ալան Պոյի ողբերգական գոյության հետ ընդհանուր տարրեր ունեցող մի բանաստեղծ», այսպես է կենսագրականի հեղինակը բնութագրում Չարենցին իր գրքի էջերում։ Շատերը Չարենցի նշանակությունը գրական տեսանկյունից համեմատել են պատմական Հայաստանի լեռնային խորհրդանիշ Արարատ լեռան վեհության հետ։ Եղիշե Չարենցը ծնվել, երգել ու հեռուն է գնացել այս աշխարում»,- նշում են դեսպանությունից։
Գրքի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Պիոմբինո քաղաքում՝ «Պիոմբինոն արվեստում» վեցերորդ փառատոնի շրջանակներում, հուլիսի 28-ին, ժամը 19.00-ին, Լետիցիա Լեոնարդիի՝ հայ մեծ պոեզիային նվիրված գրական երեկոյի ընթացքում։
Գեղանկարիչ Մաուրիցիո Կարուզոյի՝ Եղիշե Չարենցի կտավը 70սմx50սմ չափսերի է։ Այն պատկերում է բանաստեղծի պատանեկան կերպարը, որը մշակվել է տարբեր պատկերագրական հետազոտությունների և բանաստեղծի կյանքի մեկնությունների արդյունքում։ Այդ ուսումնասիրությունների շնորհիվ նկարիչը Չարենցի դեմքին դաջել է․ մի կողմից՝ երիտասարդ և հայրենասեր հայ բանաստեղծի խոր գաղափարական կերպարը, մյուս կողմից՝ հոգու տառապանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները