Դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու միջնորդությունը
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ պաշտպանության կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ խնդրելով հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանզի առողջական վիճակով պայմանավորված «կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլև իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»։
Այսօր դատարանը հրատապ նիստ էր հրավիրել։ Պաշտպանները նշել են, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, նրան կալանքի տակ պահելը խոշտանգում է և միջնորդել են դատարանին՝ Ա․ Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ կարող են վճարել որպես գրավի չափ՝ սկսած 80 մլն ՀՀ դրամից։
Փաստաբան Միհրան Պողոսյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի պարագայում սպասելի էր նման որոշումը։
«Մենք որպես նոր հանգամանք բարձրացրել էինք Աղվան Հովսեփյանի հիվանդության հարցը, ներկայացվել էր բավարար փաստական տվյալներ, ըստ որոնց ակնհայտ էր, որ այն հիվանդությունը, որն առկա է Աղվան Հովսեփյանի մոտ, ակնհայտ անհամատեղելի է կալանավորման հետ, վկայակոչել ենք նաև կառավարության համապաստախան որոշումը, որտեղ այդ հիվանդությունների ցանկը հստակ նախատեսված է։
Պարզ տրամաբանությունը հուշում է և իրավական ողջամտությունը պահանջում է, որ տվյալ պարագայում եթե նույնիսկ խափանման միջոցի փոփոխում, ըստ էության, տվյալ պարագայում դատարանը չէր տեսնում, բայց գոնե սեփական նախաձեռնությամբ պետք է նշանակվեր համապատասխան բժշկական փորձաքննություն։ Նաև դատախազներն իրենց դիրքորոշման մեջ նշեցին, որ որևէ խնդիր չեն տեսնում փորձաքննության նշանակելու հետ կապված»,- ասաց նա։
Մ. Պողոսյանը նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են, նաև հենց այսօր միջնորդություն են ներկայացնելու դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին և ևս մեկ անգամ խնդրելու են հրատապ դատական նիստ հրավիրել և փորձաքննության վերաբերյալ իրենց միջնորդությունը քննարկել՝ չսպասելով հերթական նիստին՝ հուլիսին 7-ին։
«Սա պարզապես խայտառակություն է։ Մենք չգիտենք էլ ինչ ասենք, որ հասու լինի այս մարդկանց»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ իրենք մեջբերել են նաև համապատասխան կոնվենցիան, իրավադրույթները, որտեղ երևում է, որ նման ծանր հիվանդության առկայության պայմաններում անձի անազատության մեջ գտնվելը հավասարազոր է խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորմանը։
«Մենք գործ կունենանք ուշացած արդարադատության հետ, ինչը որ ասում էի Արմեն Չարչյանի գործով։ Ակնհայտ է, որ անհամատեղելիություն կա։ Պարոն Չարչյանի պարագայում կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք։
Ցույց ենք տալիս, որ Աղվան Հովսեփյանի դեպքում նույն հիվանդության մասին է խոսքը և նույն ձևի։ Միաժամանակ ակնհայտ է, որ եթե փորձաքննություն նշանակվի, եթե, իհարկե, միջամտություններ չլինեն, քանի որ շահագրգռված անձինք կան, դրա մասին բազմիցս նշել ենք և ով լսում է, կհասկանա, ում մասին եմ ասում, պարզ տրամաբանությունը հուշում է, որ փորձաքննության արդյունքում պարոն Հովսեփյանի պարագայում նույնպես կունենաք նման եզրակացություն»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին: Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Հարակից հրապարակումներ`
- Աղվան Հովսեփյանի փաստաբանները խնդրել են հրավիրել արտահերթ նիստ
- «Ի՞նչ հիմքով է Աղվան Հովսեփյանի գործը վերցվել դատավոր Արշակ Վարդանյանից ու հանձնվել Ռուբիկ Մխիթարյանին»
- Աղվան Հովսեփյանի գործը վերամակագրվել է այլ դատավորի
- Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
- Աղվան Հովսեփյան. Այս մասին ասում եմ առաջին անգամ, ստացել եմ նախազգուշացումներ, ուղերձներ
- Աղվան Հովսեփյանի կալանավորման հարցը դատարանը կքննի մայիսի 4-ին
- Երեմ Սարգսյան. Նույնիսկ Աղվան Հովսեփյանի թոշակի վրա են կալանք դրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան