Արմեն Պողոսյանի խորհուրդը՝ տնային տնտեսուհիներին
Ամանորին ընդառաջ հայաստանյան շուկայում ընկույզի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է: Panorama.am-ի հետ զրույցում փաստը զարմանքով արձանագրեց Սպառողների ասոցիացիա հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը, նկատելով, որ պատճառն այս տարվա առատ բերքն է:
«Իսկ ընդհանուր առմամբ թանկացում կա, հստակ թվեր այս պահին ձեռքիս տակ չկան: Հատկապես բարձրացել է մսի գինը, ընդհանուր առմամբ, գնաճը գնահատվում է 10 տոկոս: Իսկ եթե վերջին երեք տարիների կտրվածքով նայենք, վայ աստված ջան, մեկ կգ հացը 380 դրամից դարձել է 490 դրամ»,-ասաց Պողոսյանը:
Ասոցիացիայի նախագահը հաշվել է, որ դեկտեմբերին սննդամթերքի առևտրի ծավալը մյուս ամիսների համեմատ եռապատկվում է. «այն դեպքում, երբ մարդու ստամոքսը նույնն է»:
Նա տնային տնտեսուհիներին կոչ է անում ամեն ինչ պատրաստել հյուրերի թվին համապատասխան, ութերորդ օրվա տոլման նորից չտաքացնել ու առավել ևս երեխաներին չտալ:
«Պրակտիկան ցույց է տալիս, որ մի քանի օր հետո գների կտրուկ անկում է լինելու: Եթե գիտեք, հյուրերը գալու են ոչ թե հունվարի մեկին, այլ ավելի ուշ, ապա պետք է ոչ թե գլխապատառ գնումներ կատարել, այլ դա անել մի քանի օրից»,-ասաց Պողոսյանը:
Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության նախագահը նշում է, որ հայաստանցիների ընտանեկան ծախսերի 60 տոկոսը բաժին է ընկնում սննդին, մինչդեռ եվրոպական երկրներում եթե այդ թիվը գերազանցում է 25 տոկոսը, ապա ընտանիքն աղքատ է համարվում:
«Ամանորի սեղանի համար ծախսվելու է 50-60 հազար դրամից ոչ պակաս: Սա իհարկե, ամենահամեստ ապրող, աղքատության շեմին մոտ ընտանիքների համար: Շերտավորումը մեծ է, կան ընտանիքներ, որոնց համար «Բենթլի»-ի գինն այնքան էլ մեծ բան չէ»,-նկատեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան