Արաքսի վրա ավազահանք շահագործելու պատճառով ՀՀ-ի 400 հա տարածքը մնացել է գետի թուրքական ափին
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով 22,4 մլն դրամ հատկացրեց Արաքսի հունը վերականգնելու նախագծային աշխատանքների համար: Բանն այն է, որ վերջին տարիներին ՀՀ տարածքում ավազահանքի շահագործման հետևանքով, N16 սահմանանշանի մոտ Արաքս գետի հայկական կողմում մոտ 130 մ երկարությամբ և 8մ խորությամբ ողողվել է հողապատնեշը և Արաքս գետը N16-ից մինչև N14 սահմանանշանը ընկած տարածքում փոխել է իր նախկին հունը և սկսել հոսել Հրազդան գետի հունով:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև պետական սահմանը համաձայն 1973թ. վերասահմանանշման անցնում է Արաքս գետի նախկին հունով, որը ներկայումս գետի հունի փոփոխման հետևանքով ջրազրկվել է, այն պատվել է խիտ թփուտներով և ծառերով:
«Արաքս գետի նախկին հունի և ներկայիս հունի միջև առաջացել է մոտ 400 հա մակերեսով «կղզի», որը ներկայումս ամայացել է և գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում: Արաքս գետի՝ Հրազդան գետի հունով հոսելու հետևանքով Հրազդան գետի ձախ ափը վտանգվել է, հեղեղների ժամանակ տեղի են ունենում փլուզումներ, որը կարող է պատճառ դառնալ ափամերձ տարածքի և սահմանային կառույցների ողողմանը՝ իր անկանխատեսելի հետևանքներով: Քանի որ դեմարկացիոն գիծն անցնում է Արաքս գետի կենտրոնով, նախկին հունի վերացման և նոր հունի ձևավորման հետևանքով հետագայում կարող են սահմանային խնդիրներ առաջանալ:
Անհրաժեշտ է վերականգնել Արաքս գետի նախկին հունը սահմանային N14 և N16 սահմանանշանների հատվածում՝ մոտ 6.5 կմ երկարության վրա և վերացնել վտակը (փակել մուտքը և ելքը) հետագա փլուզումներից խուսափելու համար: Ինչպես նաև, նախատեսել սահմանային N16 նշանի մոտ, Արաքս գետի ներկայիս հունի վրա դիմհարային պատվար (պատնեշ)՝ Արաքս գետի ջրերը նախկին հունը ուղղորդելու համար և վերականգնել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ հողապատնեշը:
Վերը նշված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար իրականացված մրցույթի արդյունքում առաջարկվել է նվազագույն գին՝ 19,980.0 հազար դրամ, պայմանագիրը կնքման փուլում է։ Առաջարկվում է նաև նախատեսել 2,400.0 հազար դրամ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար։
Սույն որոշման նախագծով պահանջվող՝ 22,380.0 հազար դրամ գումարը կվերաբաշխվի ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «31012- Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ» միջոցառման գծով նախատեսված աշխատանքների՝ գնումների ընթացակարգերի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին»,-ասվում է կառավարության այսօր ընդունած նախագծի հիմնավորման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հանրության գերակա շահ համարեց Սյունիքի բնակիչների 570 միավոր հողամասերը
- Մինչև 2025թ տնտեսության 7 % աճն ապահովելու համար կառավարությունը կավելացնի կապիտալ ծախսերի ծավալը
- Կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է
- Կառավարությունն այսօր 10 որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից կազատի 27 ՀՀ քաղաքացու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին