Պատերազմի ժամանակ որդիս ինձ գրել էր՝ այս հողերը և իմ նման տղաների կյանքն էլ հետը ծախել են
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր ևս հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի մոտ: Նրանք տևական ժամանակ է պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը և գործը տեղափոխվի ԱԱԾ, քանի որ իրենք չեն վստահում Քննչական կոմիտեին։
Պատերազմում զոհված կամավորական Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատերազմում զոհվածների ծնողները ցանկանում են՝ Նիկոլ Փաշինյանին նստած տեսնել մեղադրյալի աթոռին:
«Մենք չենք լռել և չենք լռելու, պայքարել և պայքարելու ենք, անգամ այս ծանր վշտի մեջ ես կողմնակից եմ եղել պայքարին, քանի որ հասկանում եմ՝ մենք մեր հայրենիքն ենք կորցնում, մեր հայրենիքը վաճառում են, նվեր են տալիս: Այսօր այստեղ ենք հավաքվել, որ պահանջենք մեր գործը տեղափոխել ԱԱԾ, սակայն ոչինչ չեն անում, անտարբեր անցնում են։ Մի՞թե կարելի է այսքան ցավ ունեցող մարդուն անընդհատ տանել ու բերել։ Թող չկարծեն, թե մեզ այսպես տանել-բերելով կարող են հուսահատեցնել՝ մտածելով, որ մենք կես ճանապարհից հետ կվերադառնանք։ Մենք պայքարելու ենք, որովհետև մենք երեխա ենք տվել հայրենիքին, որոնք նույնպես ուզում էին ապրել»,- ասաց Ելիզավետա Օհանջանյանը։
Նա նաև դիմեց այն մարդկանց, որոնք անտարբեր են այս ամենին. «Տանը նստած միթե՞ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում, չեն հասկանո՞ւմ, որ իրենք էլ երեխա ունեն։ Այս հայրենինքն իրենցն էլ է, թե՞ իրենց համար հայրենիք բառը գոյություն չունի։ Երբ դարձանք այդքան անթասիբ»։
Ելիզավետա Օհանջանյանը նշեց նաև, որ եթե պատերազմն ավարտվեր հաղթանակով, ապա ինքը դուրս չէի գա փողոց, չէր պայքարի, քանի որ կհասկանար՝ որդին հայրենիքի համար է զոհվել՝ հատկապես, որ նա գիտակցաբար է գնացել պատերազմ։
«2020 թ-ի հոկտեմբերի 15-ին որդիս ինձ SMS էր ուղարկել՝ գրելով, որ այս հողերը և իմ նման տղաների կյանքն էլ հետը ծախել են։ Ես ունեմ այդ փաստը սիրելի հայ ազգ»,- ասաց նա։
Նա նշեց, որ այդ ցավի հետ միասին այսօր դուրս են եկել պայքարի, բայց ամեն օր իրենց տանում-բերում են այս կառույցից այն կառույց։
«Իրականում մենք դժոխային կյանքով ենք ապրում, գոնե մեզ հետ այդպես չվարվեն։ Խոսքս հղում եմ պաշտոնյաներին՝ եթե դուք մարդ եք, եթե դուք հայ եք, ունեք խղճի գոնե մի նշույլ, եկեք մեզ աջակցեք, քննեք գործը և թող պատասխան տան այն մարդիկ, որոնք իրոք մեղավոր են։ Իսկ մեր պահանջն է, որ Փաշինյանին որպես մեղավոր կանգնեցնեն մեղադրյալ աթոռին»,- նշեց Ելիզավետա Օհանջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Քանի որ էլ երկիր չենք ունենալու, պահելու բան չի լինելու». զոհված Հայկ Մելիքյանի մայր
- Տղերքն էին մեղք պարզապես. Կարին Տոնոյան
- Պիտի ապրեմ այն հայրենիքում, որ երազում էր իմ որդին. Պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայր
- Կարին Տոնոյան. Ձեր արդար դատաստանի լուրը ես եմ տանելու Եռաբլուր
- Արգիշտի Քյարամյանը փողոցային պահվածք է դրսևորել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ. Կարին Տոնոյան
- Սրանից ավելի անլուրջ մոտեցում հնարավո՞ր է, ուղղակի ծաղրում են ծնողներին․ Կարին Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան