Երևանի պոլիկլինիկաներում մինչև տարեվերջ նորերով կփոխարինվեն ջերմաչափերն ու կշեռքները
Երևանում պոլիկլինիկաները ոչ թե փակվում են, այլ խոշորացվում՝ իրենց մեջ ընդգրկելով տարածքում գտնվող փոքր պոիլիկլինիկաների։ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Սիմոնյանը «Արմենպրես» մամուլի սրահում հայտարարեց, որ մայիսին Երևանի ավագանին որոշել է խոշորացնել 7 պոլիկլինիկաներ։ Նուբարաշենում, Սարի Թաղում, Նորք Մարաշում, Նորագավաթում գտնվող պոլիկլինիկաները կգործեն նույն հասցեներում, Նորք Մարաշի պոլիկլինիկան վերանորոգվելու է։
«Երկու պոլիկլինիկաների մասով՝ թիվ մեկ պոլիկլինիկան, որը գտնվում է Լեո փողոցի վրա ու Արաբկիրի մանկական պոլիկլինիկան, կա քննարկում ծառայությունները մեկ այլ վայր տեղափոխելու՝ հաշվի առնելով շենքային պայմաններն ու այլ հանգամանքներ»,-ասաց նա։
Այլ պոլիկլինիկաների խոշորացման մտադրությունների մասին նա չցանկացավ խոսել, որպեսզի անհնագստություններ չառաջացնի բնակիչների, աշխատակազմերի մոտ, վերջնական որոշումը կայացնելուց հետո կհանրայնացնեն։
«Երբ հիմնավորումներ կունենանք, դրանց մասին հանրային կերպով կխոսենք։ Ասեմ, որ այս տարի Երևանի բյուջեից կտրամադրվի 230 մլն դրամ բժշկական սարքավորումների ու պարագաների ձեռքբերման համար, մինչև տարեվերջ նախատեսվում է 8 նոր ռենտգենն սաքերի ձեռքբերում ու պոլիկլինիկաներում տեղադրում»,-ասաց Գևորգ Սիմոնյանը։
Նրա խոսքով, հրահանգ են իջեցրել պոլիկլինիկաներին, որ մինչև տարեվերջ չափիչ սարքավորումները, այդ թվում ջերմաչափերը, կշեռքները, ճնշումը չափող սարքերը, փոխարինվեն թվային նոր ժամանակակից սարքավորումներով։
«Մեր նպատակն է քաղաքացիների շրջանում շատ կտրուկ վերականգնել երևանցիների հավատը դեպի պոլիկլինիկաներ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան