«987». Մարկ Արենի նոր վեպը` հայուհի Աննայի և Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունման պատմության մասին
«Երբ բոլորի Աստվածը մեկն է, ուրեմն պայմանավորվելն էլ ավելի հեշտ է…»։
Մարկ Արենի (Կարեն Մարգարյան) նոր՝ «987» գրքի շապիկին է գրված։ Վեպ, որի հիմքում ընկած է իրական պատմական իրադարձություններ, որոնց մասին տեղեկությունները հեղինակը քաղել է տարբեր աղբյուրներից, հանրագիտարաններից, պատմական գրառումներից։
Այսօր Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Մարկ Արենի «987» գրքի շնորհանդեսը։
«987»-ը Մարկ Արենի հայերեն թարգմանված 7-րդ գիրքն է։ Դրանում հեղինակը պատկերում է Վլադիմիր իշխանի օրոք Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունումը։ Իշխանը, ամուսնանալով բյուզանդական հայազգի կայսրեր Բարսեղ II-ի և Կոնստանտին VIII-ի քրոջ՝ Աննայի հետ, քրիստոնեություն է ընդունում։
«Աննան պայման է դնում, որ ինքը քրիստոնյա է, և եթե իշխանն ուզում է, որ ինքը դառնա իր կինը, ուրեմն պարտավոր է դառնալ քրիստոնյա։ Վլադիմիրը որոշում է ընդունել քրիստոնեությունը ու, բնականաբար, ողջ իշխանությունն է դառնում քրիստոնյա։ Սա հայուհի Աննայի և Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիրի սիրո պատմությունն է»,- շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց Մարկ Արենը։
Հեղինակի խոսքով, վեպի հիմքում իրական պատմական իրադարձություններն են. «Բնական է, կան իմ կողմից գեղարվեստական ստեղծագործական կտորներ, դրանք այն կտորներն են, որոնց մասին պատմության, գիտության մեջ ոչինչ ասված չէ։ Վստահ չեմ կարող ասել, որ իմ գրած կտորներն իրականությանը համապատասխանում են, բայց չեն էլ կարող հերքել, քանի որ պատմության, գիտության մեջ այդ ժամանակահատվածի մասին ոչինչ գրված չէ։ Բայց ես դա տեսել եմ, որ գրել եմ, ուստի ես իրավունք ունեմ համարել, որ դա եղել է, քանի որ ես դա տեսել եմ»։
«987»… Դա այն տարեթիվն է, երբ Աննա արդեն քրիստոնյա Վլադիմիրի հետ ժամանեց Կիև։
Գիրքը հրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը։ Գրքի շնորհանդեսին ներկա «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանի գնահատմամբ, շատ հետաքրքիր գիրք է, մի քանի ժամում ընթերցել ու վերջացրել է։
«Ուրախ եմ մեր համագործակցության համար, ուրախ եմ, որ մեր ընթերցողների զինանոցը հարստանում է Մարկ Արենի գրքերով, որոնք տարիներ շարունակ բեսթսելլերներ են»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան