Վահագն Խաչատուրյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը։
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը.
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջադրել Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ թեկնածությունը»։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով:
Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի:
Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Սահմանադրական դատարանի դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները:
Հարակից հրապարակումներ`
- Դուք չեք զղջա այդ բարձր պաշտոնին ինձ առաջադրելու համար. Սեդա Սաֆարյանը՝ Փաշինյանին
- Կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին