Ովքեր են լքում և ովքեր լռում
Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին ՔՊ-ականների կողմից պաշտոնազրկելուց հետո ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու մասին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը տաածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանն աներևակայելի արագ քայլերով հեռանում է ժողովրդավարական արժեքներից։ Փնթի բռնապետությունն այլևս իրողություն է։ Երկրի կառավարումը իրականացվում է բացառապես մեկ անձի քմահաճույքներով։
Պետական ինստիտուտները ծառայեցվում են անձիշխանությանը։ Վախի և անկարողության մթնոլորտի տարածումը դարձել են պետական քաղաքականություն։ Հանրության պայքարի իմունիտետը ոչնչացվում է՝ կեղծ օրակարգերի, անսահման պոպուլիզմի և ստի քողով։
Այս իրավիճակում Դիմադրությունը չունի այլընտրանք. համախմբումը և հանուն հայրենիքի պայքարը միակ ճանապարհն է հայրենազրկումը կասեցնելու և դեպի ՀԱՅ ժողովրդի պատմական նոր արշալույս հասնելու համար։
Սա է իրական և միակ օրակարգը։
Հայը ունենալու է ինքնիշխան ապրելու իրավունք, արարելու և կայուն զարգանալու հնարավորություն։
Օրվա իշխանությունը փորձում է ամեն գնով թուլացնել իրենց ազգադավ ընթացքին հակադրվող դիմադրողականությունը։ Հիմա էլ, իրենց արշինով առաջնորդվելով, ընդդիմադիր քաղաքական ուժերին փորձում են լռեցնել՝ Ազգային ժողովում վարչական պաշտոններից զրկելով։
Չի լինելու։ Այսպիսով Դիմադրողականությունը ավելի մեծ թափ է ստանալու։
Պաշտոնը մեր համար նպատակ չէ։ Դա ընդամենը միջոցներից մեկն է հանուն հայրենիքի պայքարում։
Կարճ. պայքարելու ենք մինչև ՀԱՂԹԱՆԱԿ, որի համեմատ պաշտոնը, մանդատը ոչինչ են։
Իմ ազգին ծառայել եմ, այսուհետ ծառայելու եմ՝ ամեն օր ավելի մեծ նվիրումով, իմ ունեցած ողջ ներուժով, հնարավորություններով և ամենակարևորը՝ անկոտրում վճռականությամբ։
Իսկ հիմա, ի պատասխան օրվա իշխանության՝ մեզ լռեցնելու մեռելածին հերթական փորձի, հայտարարում եմ.
Ես այս պահից հրաժարական եմ տալիս Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։
Աստված մեզ օգնական։
Հաղթանակը մոտ է։
ՀԱՅԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ հարատև է ․․․»։
Պաշտոնից հրաժարվել է նաև Արթուր Խաչատրյանը՝ նույն խմբակցությունից.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր ՔՊականները հերթական հարվածը հասցրեցին հայկական պառլամենտարիզմին, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին և հայոց պետականությանը։ Խորհրդարանի ՔՊական մեծամասնությունը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեց։ Որոշումներն ընդունվեցին միաձայն՝ Սովետական Միության ամենանողկալի ավանդույթներին համահունչ։
Այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է իր մի հատվածը կորցնելու վտանգի առաջ, երբ հայոց պետականության ինքնիշխանության ոչնչացման ռեալ վտանգ կա, երբ ոսոխը մեզ շարունակում է պատերազմով սպառնալ, ՔՊականների միակ հոգսն իրենց աթոռներն են։ Թող մեզ իրենց արշինով չչափեն։ Թող հույս չունենան, որ մեր ընկերներին պաշտոնից, իսկ շատերին նաև ազատությունից, զրկելով նրանք կկասեցնեն մեր պայքարը։ Սա հայ ազգի գոյության, հայոց պետականության համար պայքար է, այլ ոչ թե պաշտոնի ու պարգևավճարների։
Որևէ պաշտոնի, որ երբևիցե զբաղեցրել եմ, վերաբերվել եմ ամենայն լրջությամբ, բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ՝ ներդնելով ամբող գիտելիքներս ու եռանդս։ Սակայն, քաղաքական այս տրագիկոմիկ իրավիճակում քաղաքական պաշտոն զբաղեցնելն այլևս անթույլատրելի եմ համարում։ Ըստ այդմ, սույնով հայտարարում եմ, որ այսօրվանից վայր եմ դնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը»։
Պաշտոններից հրաժարվելու մասին հայտարարել էին նաև Արմեն Գևորգյանը, Հայկ Մամիջանյանը։
Մինչ այս պահը լուռ է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մամիջանյանը նույնպես հրաժարվեց պաշտոնից
- Ընդդիմադիր խմբակցություններ. Օրվա իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով
- Արտակ Զաքարյան. ՔՊ կոչվող չարորակ հիվանդության դեմ պայքարելու համար ընդդիմությանը պաշտոններ պետք չեն
- ՔՊ խմբակցության քարտուղարը հաստատեց, որ քաղաքական պատճառով են հետ կանչել Սաղաթելյանին և Հակոբյանին
- Արմեն Գևորգյան. Ես հրաժարական եմ ներկայացնում
- ՔՊ-ականներն աննախադեպ արագությամբ միաձայն ավարտեցին Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոններից զրկելու քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան