ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի
Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 6-ին ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Օրակարգում երկու տասնյակից ավելի հարցեր են, այդ թվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը»։
Վերջին նախագծով կարգավորման նպատակը և բնույթը, ըստ հիմնավորման, հետևյալն է.
«Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում իրավասությունները, հստակեցնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի գործունեությունը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, ամրագրման գործընթացում սահմանվում է, որ ամրագրվում են զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում»: